Հասարակական-քաղաքական շրջանակներում որոշակի լավատեսություն կար, սակայն ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի՝ Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հայտարարությունները շատ ավելի հարցեր առաջացրեցին։ Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ալիևի այն հայտարարությունը, թե այդ թեմայով անդրադարձ եղել է, և Ադրբեջանը ներկայացրել է իր դիրքորոշումը, երկու բանի մասին կարող է խոսել. կա՛մ այս թեման չի եղել լուրջ քննարկումների առարկա, և ԱՄՆ փոխնախագահն ուղղակի զուտ ֆորմալ առումով թեման բարձրաձայնել է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տրամադրությունները, կամ էլ կա կամ եղել է որոշակի պայմանավորվածություն տարբեր պաշտոնյաների միջև, որպեսզի այդ թեման խնամքով շրջանցվի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ալիևի հայտարարությունները որոշակի առումով զարմանալի էին։
«Զարմանալի էին այն տեսանկյունից, որ Ադրբեջանի ղեկավարն, ըստ էության, ցույց տվեց, որ այդ թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետև հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանի հետ հարաբերությունների ֆոնին՝ որպես այդպիսն չի կարող լինել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ սա ևս մեկ արձանագրում էր այն բանի, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային-օրակարգային հարց չի եղել, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում իրենից որևէ հրատապություն ներկայացնող թեմա չի եղել, դրա վրա կենտրոնացում չի եղել։
«Ըստ էության՝ սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր համար կարևոր հարցերը բերում, դրանց վերաբերյալ լուծումներ է ստանում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող դրույթներին, դրանց մասով բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Վերջում պատգամավորն ընդգծեց՝ շարունակում է օդից կախված է մնալ ոչ միայն հայ գերիների հարցը, այլ նաև ադրբեջանական զորքերի մխրճվածությունը ՀՀ ինքնիշխան տարածքներում։
«Հավաստիացումները, որ այս թեման քննարկվում է դելիմիտացիա-դեմարկացիայի շրջանակներում, նույնիսկ իշխանությունն է խոսում, որ թեման կարճ հանգուցալուծում չունի։ Սա չի կարող կարճաժամկետ կտրվածքուկմ բերել իրերի փոփոխության։ Իրողությունն այնքան էլ ցույց չի տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է դուրս գալ իր կողմից օկուպացված տարածքներից»,- ամփոփեց Աբրահամյանը։