
Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան, հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
«Հեղաշրջում կամ նման բան չի լինի։ Նախ, օրենքը դա թույլ չի տալիս, և երկրորդ, նման իրավիճակ գոյություն չունի։ Երբ ասում եմ, որ հեղաշրջման որևէ իրավիճակ չկա. օրական 24 ժամից 20-ը ես աշխատում եմ։ Ամեն ինչ վերահսկում եմ։ Եթե տեղի են ունենում սխալ բաներ, անմիջապես հանձնարարություններ եմ տալիս համապատասխան նախարարներին, նահանգապետներին՝ ուղղելու համար»,- հայտարարել է նա։
Փետրվարի 10-ին Ղրղզստանի առաջնորդն ազատել է իր վաղեմի և մտերիմ դաշնակից Կամչիբեկ Տաշիևին կառավարության նախագահի տեղակալի և Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Դրանից հետո հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակը, ևս մի քանի նախարարներ ազատվել են աշխատանքից։
Իսկ այսօր աշխատանքից ազատվել են արտակարգ իրավիճակների, բնական պաշարների, բնապահպանության և տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության նախարարները: