«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը

16 փետրվարի 2026 – 10:51 AMT

PanARMENIAN.Net – Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարում հանդես կգա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով»,-գրել է նա:

Նա նաև ներկայացրել է կուսակցության 5 քայլը, որոնք կյանքի են կոչվելու իշխանության գալու դեպքում:

«300,000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում: Մեր հայրենակիցներն ապրելու և աշխատելու են հայրենիքում։

0% հարկ՝ փոքր բիզնեսի համար: Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ և այլք, արարելու են նպաստավոր պայմաններում և զարգացնելու են իրենց գործունեությունը։

20% էժան դեղորայք բոլորի համար: Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու։

Բերքի երաշխավորված մթերում գյուղերում: Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու։

20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ: Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը և աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,-նշել է Մելոյանը:

Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասվում է, որ նոր ձևավորվելիք խորհրդարանի առաջին նիստում քաղաքական ուժը նախաձեռնելու է Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխություն։

Տեսանյութում ընդգծվել է, որ գյուղատնտեսության նախարարությունը բացվելու է Արարատյան դաշտի կենտրոնում՝ Արարատի և Արմավիրի մարզում, որտեղ, ըստ ներկայացման, գտնվում է գյուղատնտեսության նախարարության սիրտը՝ ապահովելով բերքի ամբողջական մթերում և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում։

Տեսագրության մեջ նաև նշվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ստիպված է եղել արհեստական բանականության միջոցով ուղերձ հղել, որտեղ հայտարարել է. «Ապահով և բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից»։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment