Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կխստացվի

Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կխստացվի

14 փետրվարի 2026 – 14:42 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի գործունեության արդյունքները։

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները և այլ պաշտոնատար անձինք։

Դատախազությունից հայտնել են, որ Մովսես Անտոնյանը ներկայացրել է 2025 թվականի աշխատանքների զեկույցը՝ նշելով, որ հաշվետու տարում նախաձեռնվել է 3832 քրեական վարույթ, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել է 3947։

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների հաստատած մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 770 քրեական վարույթ՝ 822 անձի վերաբերյալ, մինչդեռ 2024 թվականին դատարան է հանձնվել 561 քրեական վարույթ՝ 604 անձի վերաբերյալ։

2025 թվականին դատարաններում ավարտվել է 587 քրեական գործ՝ 641 անձի վերաբերյալ, իսկ 2024 թվականին ավարտվել է 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ։

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 1 միլիարդ 468 միլիոն դրամ, որից 2025 թվականին վերականգնվել է 71 միլիոն 892 հազար դրամը։

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներին՝ Մովսես Անտոնյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին քրեական վարույթի շրջանակում դատախազի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին ուղղված միջնորդագրի արդյունքում համայնքին վերադարձվել են գյուղատնտեսական նշանակության 4 հողամաս՝ 0.13572 հա, 0.708749 հա, 0.45116 հա և 0.446412 հա մակերեսներով, ինչպես նաև 1 միլիոն 305 հազար դրամ։

Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազին և դատախազության աշխատակիցներին տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուղղված են եղել մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի խստացմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ակտիվացմանը, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը։

Leave a Comment