ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Մյունխենի անվտանգության համաժողովում արձագանքել է Թրամփի վարչակազմի կողմից Եվրոպային ուղղված քննադատություններին, որոնցում խոսվում էր եվրոպական «քաղաքակրթության հնարավոր ջնջման» մասին։
Կալասը մասնավորապես հակադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթին, որը նախորդ օրը հնչել էր համաժողովում։ Ռուբիոն իր խոսքում շեշտել էր տրանսատլանտյան դաշինքի վերակազմավորման անհրաժեշտությունը և հայտարարել ԱՄՆ արտաքին քաղաքական առաջնահերթությունները առաջ մղելու մտադրության մասին։
Կալասը հիշեցրել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության դրույթները (դեկտեմբեր 2025), որտեղ նշվում էր, թե Եվրոպայի տնտեսական լճացումը զուգորդվում է «ավելի իրական և ավելի սուր քաղաքակրթական ջնջման հեռանկարով»։ Նշված փաստաթղթում Եվրոպան ներկայացվում էր որպես թուլացող՝ ներգաղթի քաղաքականության, ծնելիության նվազման, խոսքի ազատության սահմանափակման, քաղաքական ընդդիմության ճնշման, ինչպես նաև ազգային ինքնության և ինքնավստահության կորստի պատճառով։
«Ի տարբերություն որոշների պնդումների՝ «արթնացած» և դեգրադացված Եվրոպան քաղաքակրթական ջնջման եզրին չէ», – հայտարարել է Կալասը համաժողովում։ Նրա խոսքով՝ «իրականում մարդիկ դեռ ցանկանում են միանալ մեր համայնքին, և դա վերաբերում է ոչ միայն եվրոպացիներին»։ Նա օրինակ է բերել Կանադա կատարած անցյալ տարվա այցը՝ նշելով, որ այնտեղ շատերը հետաքրքրություն են հայտնել ԵՄ-ին միանալու հնարավորությամբ։
«Մենք նպաստում ենք մարդկության առաջընթացին, պաշտպանում մարդու իրավունքները և այլ հիմնարար արժեքներ, ինչը, ի վերջո, նպաստում է նաև մարդկանց բարեկեցությանը։ Այդ պատճառով ինձ համար դժվար է հավատալ այս մեղադրանքներին», – հավելել է Կալասը։
Իր հերթին Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ տրանսատլանտյան դարաշրջանի ավարտը «ոչ ԱՄՆ-ի նպատակն է, ոչ էլ ցանկությունը»՝ հավելելով. «Թեև մեր տունը գտնվում է Արևմտյան կիսագնդում, մենք միշտ եղել ենք և կմնանք Եվրոպայի զավակը»։
Միաժամանակ Ռուբիոն վերահաստատել է Թրամփի վարչակազմի դիրքորոշումը միգրացիայի, առևտրի և կլիմայական քաղաքականության հարցերում։ Եվրոպացի պաշտոնյաները համաժողովում ընդգծել են, որ իրենք ևս շարունակելու են հավատարիմ մնալ իրենց արժեքներին՝ ներառյալ խոսքի ազատությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և ազատ առևտրի սկզբունքները։
