Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը՝ հայտարարելով, որ դրանք բացահայտ միջամտություն են եկեղեցու ներքին կյանքին։
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի քահանայից դասը դատապարտել է, իրենց ձևակերպմամբ, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «հակասահմանադրական և շինծու քայլերը», որոնք, ըստ հայտարարության, խաթարում են եկեղեցու բնականոն ընթացքը։
Թեմը նշում է, որ ՀՀ վարչապետի «ուղիղ հրահանգով» դատախազության կողմից քրեական վարույթ է հարուցվել՝ կապված Վեհափառին վերապահված տնօրինություններ կայացնելու և եկեղեցին հովվապետելու կանոնական իրավունքի գործադրման հետ։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի ՀՀ-ից ելքի արգելափակմանը՝ այն գնահատելով որպես փորձ՝ խափանելու նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի գումարումը։ Թեմը պնդում է, որ ոտնահարվում են Սահմանադրությունն ու եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքները, իսկ նպատակը «եկեղեցին հնազանդեցնելն» է։
Թեմը «ազգային ամոթ և խայտառակություն» է անվանել կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման օրը՝ կոչ անելով աշխարհասփյուռ հոգևորականներին ու հավատացյալներին չլռել։
Թեմը նաև քննադատել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.)՝ նրան մեղադրելով «ուխտադրուժ և անհնազանդ ընթացքի» մեջ։ Ըստ թեմի՝ հենց նրա գործողություներն են իշխանությունների միջամտության առիթ դարձել։
Նույն թեմայով ՏԱՍՍ-ին մեկնաբանություն է տվել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը միտված է նրան փոխարինելու «վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակա» հոգևոր առաջնորդով։ Աբրահամյանը պնդել է, որ իշխանությունները պայքարում են անկախ ինստիտուտների դեմ՝ իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով, և հիշեցրել, որ Հայ Առաքելական եկեղեցին շուրջ 1700 տարով հին է Հայաստանի ներկայիս պետական կառուցակարգից։
Նա նաև ընդգծել է, որ եկեղեցին, լինելով բազմաթիվ երկրներում գործող կառույց, ունի միջազգային կապեր և անկախ կազմակերպչական ու ֆինանսական հնարավորություններ։
Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել Վեհափառի ելքը Հայաստանից։
Կաթողիկոսը հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել, որոնց թվում էր նաև Սարոյանը։
Կարդացեք նաև՝
