Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է՝ Արարատի մարզում, թե 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը կանգնած էր պետականության կորստի ռեալ վտանգի առաջ, որը հիմա հաղթահարել է:
Յուրային դահլիճից իհարկե հարց չի հնչել, թե այդ ի՞նչ էր տեղի ունենում, որ կար այդպիսի վտանգ: Ի՞նչն էր այդ վտանգի արտացոլումը, եթե Հայաստանը լիովին հրաժարվել էր Արցախից, Արցախը ամբողջապես հայաթափվել էր, եւ տեղի էր ունենում բանակցություն այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ: Թեեւ հարցի դեպքում Փաշինյանն իհարկե մի խորհրդավոր բան կասեր, թե չի կարող բացահայտել վտանգը, որ ինքը չեզոքացրել է «իմաստնաբար» ու «հերոսաբար»:
Իսկ ես հիշեցնեմ, թե ի՞նչ էր տեղի ունենում 2024 թվականի ապպրիլ-մայիսին ու դրանից առաջ: Եվ նույնիսկ գուցե մի քիչ էլ առաջ՝ 2023 թվականի դեկտեմբերից: 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը արեցին համատեղ հայտարարություն, որով Հայաստանը տվեց Ադրբեջանին 2024 թվականի դեկտեմբերին Cop 29 անցկացնելու իրավունք:
2024 թվականի փետրվարին Մյունխենում տեղի ունեցան Բլինքեն-Փաշինյան ու Բլինքեն-Ալիեւ հանդիպումներ, որից հետո էլ Շոլց-Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որի մի մասը՝ մոտ 20 րոպե, եղել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպում: Օրեր անց՝ Բեռլինում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով երկօրյա բանակցություն:
2024 թվականի մարտ-ապրիլին ակտիվացել է հաղորդակցությունը Ղազախստանի միջոցով: Տոկաեւը այցելել է Բաքու, մեկ ամիս անց՝ Երեւան, իսկ «արանքում» էլ Երեւան է եկել Ղազախստանի ԱԳ նախարարը: Հետո մայիսին Ղազախստանում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով երկօրյա հանդիպում:
Այդ ի՞նչ է տեղի ունեցել այդ ընթացքում, որ սպառնալիք է եղել հայկական պետականությանը:
Թե՞ Նիկոլ Փաշինյանին պետք է բարձրաձայնել ինչ որ հիպոթետիկ սպառնալիքի մասին, որպեսզի այդ ֆոնին ներկայանա որպես հայկական պետականության փրկիչ, այլ ոչ թե հայկական պետականությունն ադրբեջանական պատկերացումների ենթարկեցնող գործիչ»: