ՀԱՊԿ-ը հետևում է, որ ՀՀ-ի քայլերը համապատասխանեն կազմակերպության պահանջներին․ Գալուզին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևում է, որպեսզի Հայաստանի քայլերը համապատասխանեն կազմակերպության պահանջներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը նշել է, որ կազմակերպությունը չի «թողնում Հայաստանը դաշնակցային փոխգործակցության շրջանակներից դուրս» և պահպանում է նրա համար ՀԱՊԿ գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։

Նա անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ Հայաստանի քաղաքական գիծը չի ենթադրում Ռուսաստանի շահերին վնաս հասցնել։ Միաժամանակ ռուսաստանցի պաշտոնյան պնդել է, թե Երևանը արագացնում է ռազմական-քաղաքական և տնտեսական մերձեցումը արևմտյան երկրների և միավորումների հետ։

«Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար Հայաստանը գործիք է Մոսկվայի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունում»,- հայտարարել է նա։

Գալուզինի խոսքով՝ Երևանում տեղյակ են Մոսկվայի գնահատականներին՝ ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության հետ։ Նա նշել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կանոնակարգին անցնելու դեպքում Հայաստանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի պահպանումը, ինչը «համապատասխան հետևանքներ» կունենա։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերը, ցածր գնաճը, կայուն ազգային արժույթը և հայկական արտադրանքի լայն շուկան, ըստ Մոսկվայի, ապահովվում են Ռուսաստանի հետ համագործակցությամբ և ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությամբ։

Գալուզինը կրկնել է, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես բնական դաշնակից Հարավային Կովկասում՝ հիշեցնելով երկկողմ հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը և պայմանագրային-իրավական լայն բազան։ Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է «ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետությանը» և համոզված է, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը այլընտրանք չկա։

Հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունն ուզում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ և դա դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն։ Նա նշել էր, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է միջազգային զենքի շուկա մուտք գործելու համար։

Leave a Comment