Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել և խորը վրդովմունք է հայտնել ՀՀ դատախազության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ:
Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կաթողիկոսի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։
«Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռը կոչ է արել անհապաղ վերանայել կաթողիկոսի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը։
