Միջուկային էներգիայի տեսքով աշխարհաքաղաքական մրցակցություն. Գանտահարյան

Միջուկային էներգիայի տեսքով աշխարհաքաղաքական մրցակցություն. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը տարածաշրջան. նա եղավ Հայաստանում, ապա մեկնեց Ադրբեջան։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են Վենսի այցի հիմնական ուղերձները։

– Իհարկե, TRIPP-ի օրակարգը կամ տարածաշրջանի ապաշրջափակումը կարևորագույն օրակարգերից էր, բայց դա համատեղ քննարկելի էր Ադրբեջանի հետ։ ՀՀ-ի հետ, անկախ անօդաչու սարքերի վաճառքից, հիմնականը միջուկային էներգիայի ոլորտն էր և բարձր տեխնոլոգիաների բնագավառը։ Տնտեսության բազմազանեցումը ամերիկյան դիտակետից ՌԴ-ից կախվածությունից փուլային դուրսբերման շարժառիթով է պայմանավորվում։

– Նրա այցից հետո, հատկապես Հայաստանում, կարծես մեծ էյֆորիա կա։ Ի՞նչ կարելի է ակնկալել։

– Էյֆորիան քաղաքական ընթացքների հետ օրինաչափ երևույթ չէ։ Քաղաքականությունը հարափոփոխություն է, վայրիվերումներ, շահերի հետ առնչված շրջադարձեր։ Զգացականությունը՝ էյֆորիան, կարող է հիասթափության փոխվել։ Պահի տակ չէ, որ արժևորում պիտի կատարել, այլ փորձել տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ կապված խոչընդոտները կանխատեսել։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի արձագանքը այդ այցին և տարածաշրջանում տեղի ունեցողին։

– Մոսկվան արագ արձագանքեց, և, փաստորեն, մեխը միջուկային էներգիայի նոր արտադրամասերի կառուցման նախագիծն էր։ Հիշեցրեց, որ մինչև 2036-ը Մոսկվայի հետ կա պայմանավորվածություն, թե Մոսկվան նոր նախագծի համար մշակված առաջարկներ է ուղարկել Երևանին. ավելի՛ն, Մոսկվան հայտարարեց, որ բացի ռուսական նախագծից, այլընտրանքային նախագիծ չկա։ Սա խոսում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության մասին։

– Ռուսաստանը հեռանո՞ւմ է տարածաշրջանից՝ տեղը զիջելով ԱՄՆ-ին, թե՞ սա ընդամենը խաբկանք է կամ ժամանակավոր նահանջ։

– Միտումը դրա մասին է խոսում, բայց վաղ է արձանագրելը, որ Մոսկվան ամբողջովին կհեռանա, և պարապը կլրացնի Արևմուտքը։ Հարափոփոխությունը «կայուն» ընթացք է քաղաքականությունում, որքան էլ պարադոքսալ թվա այս բնութագրումը։

– Արդյոք Վենսի այցը նաև կապ ունի իրանա-իսրայելյան հարաբերությունների հետ, և այս առումով ի՞նչ է կատարվում այդ դաշտում։

– Իրան-Իսրայել հարաբերությունների մասին դեռ վաղ է հաստատելը։ Նախ, ԱՄՆ-Իրան բանակցությունները պիտի սկսեն արդյունավորվել։ Հակառակ դեկլարատիվ էսկալացիային և ռազմանավերին՝ կարծում եմ՝ բանակցություններ լինելու են և լինում են արդեն։ Իսրայելը անհանգիստ է և ուզում է իր կանոններն ու պահանջները պարտադրել ԱՄՆ-ի ճանապարհով։ Համենայնդեպս, կարծում եմ, որ ԱՄՆ-ի հայտնվելը Հարավային Կովկասում, այս դեպքում՝ իրանամերձ շրջաններում, որոշ առումներով կարող է անհանգստացնել Իսրայելին։ Իսրայելի շրջանցումով ԱՄՆ-Իրան հարաբերությունների բնականոնացումը անհանգստացնում է Իսրայելին։

Արման Գալոյան

Leave a Comment