ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելք երկրորդ ամերիկյան ավիակիր ուղարկելու մտադրության մասին՝ Իրանի վրա նրա միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի պատճառով ճնշման աճի ֆոնին, հայտնում է The Guardian-ը։
Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ USS Gerald R. Ford ավիակիրը շուտով կմեկնի Կարիբյան ավազանից դեպի Մերձավոր Արևելք։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում տեղակայել «շատ մեծ ուժեր»։
Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ առաջնորդը վստահություն է հայտնել, որ Թեհրանի հետ բանակցությունները «հաջող» կլինեն, սակայն զգուշացրել է, որ եթե համաձայնագիրը ձախողվի, Իրանին «վատ օրեր» կսպասվեն։
Թրամփը նախկինում պնդել էր, որ ԱՄՆ հարվածներն «ամբողջությամբ ոչնչացրել են» Իրանի միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ նա նաև հայտարարել էր, որ Իրանում իշխանափոխությունը կլինի «լավագույնը, որ կարող է տեղի ունենալ»՝ վկայակոչելով երկրում տարիներ շարունակվող առճակատմանը և ներքին բողոքի ցույցերին։
USS Gerald R. Ford նավի տեղակայումը տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության շարունակական ամրապնդման մաս է կազմում: Հունվարի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը և օժանդակ նավերը հասել են Մերձավոր Արևելք։ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան»։ Նրա խոսքով, ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է «արագ կատարել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում ուժ և բռնություն կիրառելով»։
Թրամփը բազմիցս հայտարարել էր Իրանի դեմ հարված հասցնելու հնարավորության մասին, սակայն փետրվարի 1-ին հայտնել էր համաձայնության հասնելու հույսի մասին՝ միաժամանակ հիշատակելով երկրի ափերի մոտ ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը։
Թեհրանն, իր հերթին, զգուշացրել էր, որ ցանկացած ռազմական գործողություն կդիտարկի որպես լիակատար հակամարտության սկիզբ, իսկ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին։ Փետրվարի 7-ին ԱՄՆ-ն և Իրանը Մասկատում անցկացրել էին անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ։
