«Վախենում է, որ պարտվելու է». «Մեր ձևով» շարժման համակարգողն արձագանքել է Սամվել Կարապետյանի թեկնածության վերաբերյալ Փաշինյանի խոսքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ կպարտվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա հայտարարությունները՝ Սամվել Կարապետյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին։

«Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ», – հայտարարել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն «այնքան թույլ է իրեն զգում և այնքան է վախենում Սամվել Կարապետյանից , որ նրան խոսելու հնարավորություն չի տալիս»։ Կարապետյանն ընդգծել է, որ շարժմանը մեծ հաղթանակ է պետք՝ իրականացնելու համար նախատեսված խոշոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին, մասնավորապես՝ 300000 նոր աշխատատեղ, 20000 մատչելի բնակարան, երաշխավորված բերքի մթերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազեցում։

Ավելի վաղ, մեկնաբանելով գործարարի նախաձեռնությամբ հիմնադրված «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի առաջադրումը, Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի կամ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։ Հետևաբար, վարչապետի խոսքով, Կարապետյանի թեկնածության հարցը գոյություն չունի «ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո»։

Leave a Comment