ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը։ Նա անդրադարձել է վերջին շրջանի արտաքին քաղաքական զարգացումներին՝ պնդելով. «Իրատեսական քաղաքականության աշխարհում հնարավոր է, որ դու որևէ բանի իրավունք ունենաս, բայց եթե չունես այն իրագործելու միջոցներ, պետք է պատրաստ լինես փոխզիջումների»։
Radar Armenia-ն ներկայացնում է Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցի թարգմանությունը։
– Ձեր վերջին հրապարակումներից մեկում նշել էիք. «Հայաստանը պարտվեց երկրորդ ղարաբաղյան պատերազմում, սակայն շատ հայեր վտանգավոր խաղ են խաղում՝ ձևացնելով, թե դա տեղի չի ունեցել»։ Որքա՞ն է այդ խաղը շարունակելու գինը։
– Քաղաքականությունները աղետի են հանգեցնում, երբ հիմնված չեն իրականությունների վրա։ Եթե ունես նպատակներ, բայց չունես դրանց հասնելու միջոցներն ու ռազմավարությունը, և դրա փոխարեն առաջադրում ես առավելապաշտական պահանջներ, դա հանգեցնում է մոլորության և ինքնախաբեության։ Ինչպես նախկինում եմ գրել, Ադրբեջանը կարող է պարտվել պատերազմում և բազմիցս վերադառնալ նոր պատերազմի։ Նրանք ունեն այդպիսի հնարավորություն։ Հայաստանը կարող է պարտվել պատերազմում միայն մեկ անգամ, և դրանից հետո վերականգնվելը չափազանց դժվար կլինի։ Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ միջոցներ, ընկերներ և դաշնակիցներ, Հայաստանը՝ ոչ։ Իրատեսական քաղաքականության պայմաններում հնարավոր է, որ դու որևէ բանի իրավունք ունենաս, բայց եթե չունես այն իրագործելու միջոցները, պետք է հնարավորության սահմաններում գնաս փոխզիջումների։ Պետք է գործել պրագմատիկ կերպով։
Որևէ բանի նկատմամբ իրավունք ունենալը բավարար պատասխան չէ և չի կարող համարժեք լինել հակառակ կողմի ռազմական միջոցներին ու ռազմավարությանը։ Հայկական կողմի անիրատեսական քաղաքականությունը, սկսած 1998 թվականից, հանգեցրել է Ղարաբաղի հայերի ամենահիմնական իրավունքի՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի կորստին։ Նրանք ունեն այդ իրավունքը, սակայն չունեն այն իրագործելու միջոցներ և գործնական ռազմավարություն։
Երկու տարի առաջ հայերը չափազանց մտահոգված էին, որ կարող են ճանապարհին կորցնել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ոմանք նույնիսկ համոզված էին, որ դա անխուսափելի է։ Այժմ թվում է՝ շատերը մոռացել են դա և վերադառնում են առավելագույն պահանջներ առաջադրելու և քաղաքականություն կառուցելու հին մոդելին՝ հիմնվելով միայն ունեցած իրավունքի վրա, ոչ թե այն բանի, ինչ իրականում հնարավոր է անել։
– Երբ հետադարձ հայացք ենք նետում Երկրորդ ղարաբաղյան պատերազմին, թվում էր, որ Ադրբեջանի հաղթանակը կանխորոշված էր՝ հաշվի առնելով բանակում կատարված ներդրումները։ Ի՞նչը հանգեցրեց նրան, որ Հայաստանը կարծում էր՝ կարող է հաղթել առանց փոխզիջումների։
– Դա ինքնախաբեության ձև էր։ Դու կենտրոնանում ես միայն քո քաղաքականության և քո ցանկությունների վրա և մոռանում կամ անտեսում, որ կա նաև հակառակ կողմ, որը նույնպես ունի իր խոսքը։ Կային ժամանակներ, երբ որոշ հայկական քաղաքական ուժեր հայտարարում էին, թե հարցը լուծվել է 1990-ականներին, և եթե Բաքուն խնդիր ունի, դա իր ներքին խնդիրն է։ Այն, որ այս խնդիրն ուներ երկու հակադիր կողմ, նրանց համար նշանակություն չուներ։ Նրանք կարծում էին՝ հաղթել են, և հարցը փակված է։ Ակնհայտ է, որ դա այդպես չէր։
– Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն ի՞նչ դեր խաղաց այդ ինքնախաբեության մեջ։
– Կա երկու հանգամանք։ Նախ՝ Ղարաբաղի ղեկավարների մտածելակերպը հաճախ ձևավորվում էր Ռուսաստանի փոխանցած ուղերձներով։ Այդ շրջանում հայկական կողմը առաջնորդվում էր Ռուսաստանի նկատմամբ գրեթե բնազդային վստահությամբ՝ որպես պաշտպան և փրկիչ։ Հայերը հավատում էին, որ Ռուսաստանը չի կարող լքել հայկական կողմին։
Երկրորդը՝ թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում ազգայնական ուժերը պնդում էին, որ եթե Ադրբեջանն ունի նավթ, Հայաստանն ունի սփյուռք։ Այդպիսով նրանք հանգեցին այն եզրակացության, որ սփյուռքը համարժեք է Ադրբեջանի նավթին։ Սա հայերի ինքնախաբեության կարևոր գործոններից մեկն էր։ Այժմ, սակայն, կարծես թե հայկական կառավարության մոտ ինքնախաբեությունը նվազել է, և ավելի շատ կա իրականությանը հարմարվելու փորձ։ Դա առնվազն կարելի է ասել՝ դիտարկելով ներկա կառավարության դիրքորոշումը։ Փոխվում է նաև Հայաստանի հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։
– Այդ համատեքստում որքանո՞վ ենք մոտ իրական և երկարատև խաղաղության համաձայնագրին։
– Մենք մոտ ենք արդեն ձեռք բերված խաղաղության ամրապնդմանը։ Երկու կողմերն ամրապնդում են փոխադարձ վստահությունը՝ ամեն օր կիրառելով վստահության բարձրացման միջոցներ։ Որոշ հարցեր դեռ մնում են, սակայն կողմերը կարծես վճռական են դրանք լուծելու բանակցությունների միջոցով։ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ պատերազմն ավարտված է, և համաձայնությունից հետո նրանց գործողությունները դա հաստատում են։
Կարևոր է նշել, որ խաղաղության համաձայնագիրը մշակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների արդյունքում՝ փոխադարձ վստահության և երկու երկրների կողմից ձևակերպված ազգային շահերի հիման վրա։ Իհարկե, երբեք չի կարող լինել բացարձակ երաշխիք, որ խաղաղությունը կպահպանվի ցանկացած պայմաններում։ Օրինակ՝ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում կարող է փոխվել իշխանությունը, և նոր կառավարությունը կարող է փոխել ներկայիս քաղաքականությունը, հրաժարվել խաղաղության համաձայնագրից և վերադառնալ առավելապաշտական հայտարարություններին։ Դա կարող է առաջացնել նաև Ադրբեջանի քաղաքականության փոփոխություն։ Եթե Հայաստանը փոխվի, Ադրբեջանը նույնպես կփոխվի։ Կա նաև միջազգային իրավիճակը, որը կարելի է բնութագրել որպես քաոսային։ Քաոսը նոր հնարավորություններ է ստեղծում, բայց նաև մեծացնում է անորոշությունն ու անկանխատեսելիությունը մեծ խաղացողների միջև։ Հույս կա, որ Երևանն ու Բաքուն կկարողանան խելամիտ կերպով կողմնորոշվել այդ պայմաններում։
– TRIPP նախագծի համատեքստում կարելի՞ է խոսել Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության երկարաժամկետ փոփոխության մասին, թե՞ սա պարզապես հերթական փորձ է՝ արժանանալու Նոբելյան խաղաղության մրցանակին։
– Շատ կարևոր հարց է։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը շատ ավելի քիչ է կախված արտաքին միջնորդներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից և TRIPP համաձայնագրի կոնկրետ դրույթներից։
Երկրորդը՝ ԱՄՆ-ը տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունի Խորհրդային Միության փլուզումից ի վեր, և Թրամփի վարչակազմի ներգրավվածությունը այդ քաղաքականության շարունակությունն է։ Փոխնախագահ Վենսի այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հետևողական է իր ներգրավվածության մեջ։
Մեծ փոփոխությունը ոչ այնքան ԱՄՆ քաղաքականության մեջ է, որքան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականությունների փոփոխության մեջ, որից օգտվում է նաև ԱՄՆ-ը։ Միաժամանակ հույս ունեմ, որ փոխնախագահի այցը չի ստեղծի ԱՄՆ ներգրավվածության չափազանցված ակնկալիքներ անվտանգության հիմնարար հարցերում։ Հատկապես հաշվի առնելով, որ տարիների ընթացքում TRIPP նախագիծը կարող է կորցնել իր կարևորությունը, եթե բացվեն այլ տարանցիկ ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի կենտրոնական հատվածով անցնող ավելի գործնական երթուղիներ։
– Շատերը սա դիտարկում են որպես Երևանի և Բաքվի հմուտ քայլ՝ Ռուսաստանին հակակշռելու համար ԱՄՆ ներգրավելու միջոցով։
– Ես այդքան մեծ նշանակություն չէի տա այն մտքին, թե Հայաստանը և Ադրբեջանը ԱՄՆ-ին օգտագործում են Ռուսաստանին հակակշռելու համար։ Անվտանգության հիմնարար հարցերում, մասնավորապես Մոսկվայի հնարավոր անցանկալի քայլերին հակազդելու առումով, ԱՄՆ-ի և Արևմուտքի հնարավորությունները սահմանափակ են, առնվազն Հարավային Կովկասում։ Վրաստանի փորձը դրա լավագույն օրինակն է։
Եթե Երևանն ու Բաքուն համակարգեն իրենց քաղաքականությունները և խաղաղության ձգտումը դարձնեն համագործակցության հիմք, ապա Մոսկվայի ազդեցությունը կնվազի, և երկու հանրապետությունները ստիպված չեն լինի ապավինել արտաքին ուժերին։ Դա կարող է նպաստել տարածաշրջանային քաղաքական ինքնության ձևավորմանը և նոր կարգի հաստատմանը՝ առանց որևէ մեկին հակադրվելու, բայց նվազեցնելով արտաքին ազդեցության վտանգը։
– Խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած խոչընդոտները որքանո՞վ են հաղթահարելի։
– Ես չեմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ խնդիրներ։ Երկու երկրներն արդեն ձևակերպել են իրենց ազգային շահերը, և այդ շահերը համընկնում են՝ հատկապես խաղաղություն ունենալու ցանկության հարցում։
– Եթե այս խաղաղությունը կայանա, ինչպե՞ս կփոխի տարածաշրջանը։
– Վերլուծաբանները հաճախ կենտրոնանում են խողովակաշարերի, տարանցիկ ուղիների և աշխարհաքաղաքական մրցակցության վրա՝ մոռանալով, որ պետությունները գոյություն ունեն մարդկանց համար։ Ամենակարևոր հետևանքը կլինի այն, որ տարածաշրջանի ժողովուրդները կունենան խաղաղություն։ Դա նշանակում է, որ երիտասարդները չեն զոհվի նոր պատերազմներում, ներքին տնտեսական զարգացումը կխթանվի, և երկարաժամկետ հեռանկարում բյուջեները չեն հիմնվի պաշտպանական ծախսերի վրա։ Միաժամանակ կփոխվեն միջազգային հաղորդակցության և առևտրի ուղիները՝ Արևելքն Արևմուտքին կապող լայն ցանցով, ինչը կբերի լրացուցիչ օգուտներ։
– Ինչպե՞ս կարող է արձագանքել Ռուսաստանը, եթե ավարտվի Ուկրաինայի պատերազմը։
– Չեմ կարող կանխատեսել Ռուսաստանի քայլերը, բայց ակնհայտ է, որ նրա քաղաքականությունը Հարավային Կովկասում պետք է վերանայվի։ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցության կարևոր լծակներից մեկը Հայաստանում՝ հասարակության ավանդական ռուսամետ վերաբերմունքը։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Մոսկվան չկատարեց իր պարտավորությունները՝ 2020 թվականին Ղարաբաղի հայերի անվտանգության և խաղաղապահ առաքելության, ինչպես նաև 2023 թվականին Հայաստանի սահմանների պաշտպանության հարցերում։
Ռուսաստանը կարող է փորձել ուժ կիրառել կամ ներքին անկայունություն հրահրել Հայաստանում, սակայն նման քայլերը դժվար իրագործելի են, և քիչ հավանական է, որ երկարաժամկետ շահավետ լինեն։
– Կարո՞ղ է Հայաստանը կանգնել «վրացական սցենարի» առաջ՝ առանց Ռուսաստանից հեռանալու։
– Ռուսաստանը փորձել է կրկնել վրացական սցենարը, սակայն Հայաստանի կառավարությունը ակտիվորեն փորձում է դա կանխել։ Անկախ նրանից՝ այդ փորձերը իրականացվում են ազգայնական ուժերի, օլիգարխների, թե եկեղեցու միջոցով, իշխանությունները դիմադրում են դրանց։ Կառավարությունը ցույց է տալիս, որ կարողանում է տարբերել Հայաստանի և Ռուսաստանի շահերը։ Թեպետ Մոսկվան ունի օրինական շահեր տարածաշրջանում, դրանցից դուրս հարկադրական մեթոդների կիրառման հնարավորությունները սահմանափակ են, հատկապես Ադրբեջանի դեպքում»։
Թարգմանեց՝ Արման Գալոյանը
