Ռիտեր. Ժամկետի ավարտից հետո ԵՄ առաքելությունը շարունակելու քննարկում չկա

Ռիտեր. Ժամկետի ավարտից հետո ԵՄ առաքելությունը շարունակելու քննարկում չկա

13 փետրվարի 2026 – 16:55 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որն ավարտում է աշխատանքը Հայաստանում, հայտարարել է, որ ժամկետի ավարտից հետո գործունեությունը երկարաձգելու հարց չի քննարկվում:

«Այս պահին ժամկետի ավարտից հետո առաքելությունը շարունակելու քննարկում չկա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը ցանկություն է հայտնել, որ առաքելությունը շարունակի գործունեությունը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։

Ռիտերը հիշեցրել է, որ առաքելության մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին, և մինչև այդ ժամկետը մանդատի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել։ Դրանից հետո, նրա փոխանցմամբ, Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ կքննարկի առաքելության հետագա գործունեության հարցը։

«Կառավարությունը շատ բաց խնդրել է մեզ շարունակել մեր պարեկությունը սահմանին, այցելությունները սահմանային գյուղեր: Հենց դա ենք անելու, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և հաստատվել երկու կողմից»,-ասել է Ռիտերը։

Նրա խոսքով՝ առաքելությունը 7780 անգամ պարեկություն է իրականացրել ՀՀ սահմանի հյուսիսից-հարավ ամբողջ երկայնքով։

«Կարող եմ ասել, որ օգոստոս ամսից ի վեր ոչ մի միջադեպ չենք արձանագրել և իրավիճակը շատ ավելի հանգիստ է եղել: Մենք նաև սահմանի բնակիչներին, դպրոցներ, տեղի իշխանություններին ենք այցելում՝ ցույց տալու, որ նրանք միայնակ չենք։ Մեր դիտարկումներով, նաև մարդկանց հետ զրույցներից եզրակացրել ենք, որ կա դրական տրամադրվածություն, այս պահին լարվածության ռիսկ չենք տեսնում: Բայց երբ երեք տարի առաջ եկանք, սահմանին շատ լարվածություն կար, կրակոցներ կային, սպանված կամ վիրավորված զինվորականներ: Բավականին լարված էր այն ժամանակ»,- հայտարարել է առաքելության ղեկավարը։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի իր գործունեությունը երկրում։

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2022 թվականի հոկտեմբերին։ ԵՄ երկրների արտգործնախարարները 2023 թվականի դեկտեմբերի 11-ին որոշում են կայացրել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմը 50 տոկոսով ավելացնելու վերաբերյալ՝ այն 138 աշխատակցից հասցնելով 209-ի։

ԵՄ խորհուրդը հունվարի վերջին որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Leave a Comment