ՆԳ նախարար. Չեմ ընկալում մի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու

ՆԳ նախարար. Չեմ ընկալում մի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու

13 փետրվարի 2026 – 15:23 AMT

PanARMENIAN.Net – ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձել է դիտարկմանը, ըստ որի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ունի մի քանի երկրների քաղաքացիություն, սակայն թեկնածու է հայտարարվել ՀՀ-ում։ Նա նշել է, որ տարբեր պետությունների շահերի համատեղումը վարչապետի պաշտոնում անձամբ չի պատկերացնում։

Նա հավելել է, որ չի ընկալում մի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու, հայտնում է 1lurer.am-ը:

«Մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է, և մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունքը։

Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, շարունակելու ենք երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների և վարչապետի պաշտոնի դեպքում ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու, որի շահերի կենտրոնը կլինի միայն ՀՀ-ն։ Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է։

Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունն արհեստական երևույթ չէ, զուտ անձնագիր չէ, զուտ թուղթ չէ: Քաղաքացիություն ստանձնելով՝ դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը, և լինելով մի քանի երկրների քաղաքացի՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին։

ՀՀ-ի դեպքում վարչապետ և վարչապետի թեկնածու պիտի լինի միայն այն անձը, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է, այսինքն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ խոսում։

Իսկ ինչ վերաբերում է իրավական տարբեր մեկնաբանություններին՝ տվյալ հարցի մասով, մտածում եմ, որ, փաստորեն, ստեղծագործ շառավղով միտք ունենալ հնարավոր է նաև իրավաբանության մեջ: Բայց կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողությունը չկորցնենք»,- ասել է նա։

Նախօրեին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Հրապարակման մեջ նշվում է, որ Սամվել Կարապետյանը վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել ՀՀ-ում և ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։

«Չնայած նա առաջնորդում է շարժումը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ հանդիսանում է երկքաղաքացի։ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»,-ասվում է հրապարակման մեջ:

«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ իրավական գործընթացների միջոցով է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում՝ հղում անելով Սահմանադրության 148-րդ հոդվածին։

«Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,-ասել է նա:

Leave a Comment