ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Մյունխենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու իր ծրագրերի մասին։ ԱՄՆ պետքարտուղարը լրագրողներին այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար Եվրոպա մեկնելուց առաջ։
«Կարծում եմ՝ այո։ Կարծում եմ՝ նա այնտեղ կլինի, և մենք հնարավորություն կունենանք հանդիպելու նրա հետ։ 100%-ով հաստատ չէ դա, բայց վստահ եմ, որ այդպես էլ կլինի», – ասել է նա։
Ռուբիոն նաև ընդգծել է Հունգարիայի և Սլովակիայի ներկայացուցիչների հետ ռուսական էներգակիրների ներմուծման դադարեցման հարցը քննարկելու իր մտադրությունը։ «Մենք նրանց հետ կխոսենք այդ մասին։ Կխոսենք այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա։ Ես չեմ մանրամասնի, թե ինչ կքննարկենք այս հանդիպումների ժամանակ։ Բայց, առաջին հերթին, սրանք այն երկրներն են, որոնք մեզ շատ ուժեղ են աջակցում, ակտիվորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ և սերտորեն համագործակցում են մեզ հետ», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։