Դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկում քննարկել է հայ-հունական առևտրատնտեսական կապերի խորացման հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Սալոնիկի փոքր և միջին արդյունաբերության պալատի նախագահ Մակարիոս Պապադոպուլոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայաստանյան գործընկերների հետ հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները աստիճանաբար մեծացնելու հարցեր։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է այն հիմնական ոլորտները, որոնցում Հայաստանն ու Հունաստանն ունեն երկկողմ շահավետ համագործակցություն` ընդգծելով, որ թեև առևտրաշրջանառության ցուցանիշները աճել են վերջին տարիներին, ներուժը շատ ավելին է և բոլոր միջոցներով անհրաժեշտ է խթանել տնտեսական ակտիվությանը։

Մակարիոս Պապադոպուլոսն արտահայտել է իր հետաքրքրությունը Հայաստան առաջիկայում այցելություն կազմակերպելու և տեղում գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը պատվավոր հյուրերի մատյանում թողել է իր գրությունը։

Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

Leave a Comment