ԱՄՆ-ն Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի վերականգնման ծրագիր

Խաղաղության խորհրդի առաջին նիստում, որը նախատեսվում է անցկացնել փետրվարի 19-ին Վաշինգտոնում, ԱՄՆ վարչակազմը կներկայացնի Գազայի հատվածի վերականգնման, ինչպես նաև միջազգային կայունացման ուժերի ձևավորման բազմամիլիարդանոց ծրագիր, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցեն առնվազն 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջնորդներ։ Այն կկենտրոնանա Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ անկլավի կառավարման հետ կապված հարցերի վրա։

ԱՄՆ պաշտոնյաների շրջանում աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նիստում կհայտարարի պաղեստինյան անկլավի վերականգնման համար «միլիարդավոր դոլարների հիմնադրամի» ստեղծման մասին։ Այն կստեղծվի խորհրդին մասնակից երկրների կողմից տրամադրված միջոցներով։

Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկյան կողմը նաև կհայտարարի, որ մի քանի երկրներ նախատեսում են «մի քանի հազար զինվոր» ուղարկել կայուցման ուժերի համար, որոնք նախատեսվում է տեղակայել Գազայի հատվածում առաջիկա ամիսներին։

Հունվարի 22-ին 19 երկրի ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել էին Գազայի հատվածում խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Խորհրդի կազմում է նաև Հայաստանը։ Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։ Փետրվարի 12-ին Իսրայելը ևս միացել էր Գազայի Խաղաղության խորհրդին։

Leave a Comment