«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն մեկնաբանել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու ևս մեկ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը։

ՀԿԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։

Գերատեսչությունից մանրամասնել են, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց:

Գերատեսչության հաղորդագրության մեջ մեղադրյալների անունները չեն նշվում, սակայն տվյալ ժամանակահատվածում այդ պաշտոնները զբաղեցրել են Ռոբերտ Մելքոնյանը և Վալերի Օսիպյանը, որը նաև 2018-19 թվականներին ՀՀ ոստիկանապետն էր։

Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, հունվարի 19-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագիր էին ստացել։

Leave a Comment