Ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ սփյուքահայերը՝ եկեղեցու գործերին միջամտելու մասին

Եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքներն ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են Եկեղեցուն հոգևոր սնուցման համար, հայտարարել են սփյուռքահայ մի շարք գործիչներ։

Նամակը ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց Եկեղեցու անդամներ, այդ թվում՝ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը:

Նրանք հիշեցրել են Հայոց եկեղեցու դերը Ցեղասպանությունից հետո հայերին միավորելու և հավաքականություն ձևավորելու գործում։ Նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցիները աշխարհով մեկ, ներառյալ Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունը Լիբանանում և Երուսաղեմի և Պոլսո Պատրիարքությունները, փոխկապակցված են, միացյալ են և ճանաչում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին որպես եկեղեցու համաշխարհային առաջնորդ։

Սփյուռքահայ գործիչները կոչ են արել, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն Եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են18 դար՝ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն:

Նրանք նաև քննադատել են Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացելու իշխանության ձգտումները, արքեպիսկոպոսների, եկեղեցուն հրապարակայնորեն պաշտպանած Սամվել Կարապետանի կալանավորումը։

Նամակի հեղինակները նաև շեշտել են, որ Հայոց եկեղեցին հոգևոր սնուցում է տրամադրում բոլոր հայերին, ներառյալ հայերի մեծամասնությանը, որոնք ապրում են Հայաստանից դուրս: «Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»,- հավելել են նրանք:

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 արքեպիսկոպոս՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։

Leave a Comment