Ղումաշյանը՝ սփյուռքահայերին․ ՀՀ ապագայի համար գլխավոր ճակատամարտը չի կարող լինել առանց ձեզ

Ղումաշյանը՝ սփյուռքահայերին․ ՀՀ ապագայի համար գլխավոր ճակատամարտը չի կարող լինել առանց ձեզ

12 փետրվարի 2026 – 18:45 AMT

PanARMENIAN.Net – «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը նշել է, որ հայ լինելը պարզապես կարգավիճակ չէ, այլ հայրենիքին անհրաժեշտ ամենօրյա աշխատանք։

Նա կոչ է արել սփյուռքի ներկայացուցիչներին վերադառնալ՝ ընդգծելով, որ նրանք անհրաժեշտ են Հայաստանին, և դա պարտադրանք չէ, այլ հնարավորություն։

«Այս տարվա Հայաստանի համար գլխավոր ճակատամարտ չի կարող լինել առանց ձեզ, վերադարձեք»,-կոչ է արել Գոհար Ղումաշյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա անդրադարձել է հայկական սփյուռքի ձևավորման պատմությանը՝ ընդգծելով, որ այն առաջացել է տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով, և առանձնահատուկ ուշադրություն է դարձրել աշխատանքային սփյուռքին։

«1991 թվականից մեր երկրից հեռացել է մոտ 1.4 մլն Հայաստանի քաղաքացի, իսկ վերջին 5 տարում հեռացել է 140 հազարից ավել մարդ, այսինքը՝ ամեն օր Հայաստանը լքել է 77 մարդ, ամեն օր Հայաստանը լքելէ մոտ 20 ընտանիք:

Օտար երկրում կայացած հայը մշտապես հայրենիքի կողքին է եղել և հայրենիքին օգնելը պատիվ է համարել, իսկ նրանք, ովքեր թեկուզ փոքրիկ կասկած կունենան սփյուռքի ազգասեր, ազգանպաստ, ազգանվեր գործերի նկատմամբ, թող ամեն տարվա Ապրիլի 24-ին տեսնեն, թե մոմերի լույսերով ողողված որտեղ և ուր է քայլում աշխարհի խիղճը»,-ասել է Ղումաշյանը։

Նրա խոսքով՝ սփյուռքը հանդես է եկել որպես հայկական շահերի դեսպան ամբողջ աշխարհում և մշտապես նվիրված է եղել հայրենիքին, սակայն դրա դիմաց հաճախ ստացել է մեղադրանքներ և նույնիսկ մուտքի արգելքներ՝ բազմաթիվ արժանապատիվ ներկայացուցիչների համար։

«Սամվել Կարապետյանի հետ դուք խոսքի իրավունք կունենաք երկրի ապագան կերտելու հարցում, և ոչ միայն խոսքի այլև գործելու իրավունք։ Դուք որպես Հայաստանի քաղաքացիներ, իրավունք ունեք որոշելու մեր երկրի ճակատագիրը՝ չկասկածելով թե արդյոք ձեր հայրենասիրությունը կպատժվի մուտքի արգելքով, ինչպե հիմա է»,-հայտարարել է Ղումաշյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

Leave a Comment