«Ընդդիմադիր» Վահան Բաբայանի թեկնածուն «քաղաքական աղբանոցից» վերադարձված՝ Նիկոլ Փաշինյանի նախկին պաշտպանության նախարարն ու դեսպանն է


ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հետո «Ռեֆորմիստներ» անվամբ կուսակցություն ստեղծած, բայց մշտապես ՀՀԿ-ի գովքն անող Վահան Բաբայանը որոշել է մասնակցել ընտրություններին։ Այս մարդը, ընտրություններին մասնակցելով, տրամաբանական է, հույս ունի ինչ-որ քանակի մարդկանց ձայներ ստանալ և Ազգային ժողով անցնել։ 

Անեկդոտ չենք պատմում։ Լրջացեք։ 

Ձևական կողմը պահելով էլ՝ այսօր հայտարարել է, որ նաև վարչապետի թեկնածու ունի՝ ՊՆ նախկին նախարար, ՌԴ-ում նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Վահան Բաբայանի մասին ասելու շատ բան չկա, քանի որ նրա կենսագրության մեջ կուսակցություններ փոխելու հաճախականությունը թույլ չի տալիս նրա կենսագրության այլ՝ ուշագրավ դրվագների ծանոթանալ, եթե իհարկե, դրանք առկա են։ 

Ինչպես նա է գրում, փորձառու Վաղարշակ Հարությունյանին ընտրելը, սակայն, ուշադրության հաստատ արժանի է։ 

Նա էր, որ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի պաշտոնը՝ իր բոլոր հետևանքներով։ Հենց այդ իրադարձությունների ժամանակ էլ կոնֆլիկտ էր առաջացել այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և նա հեռացվել էր պետական կառավարումից, մինչև․․․ Մինչև եկավ Նիկոլ Փաշինյանը։ 

Միջանկյալ արձանագրենք, որ գրեթե 20 տարվա դիմաց նրա կենսագրության մեջ ոչինչ չկա։

Փորձառու՜։ 

Իսկ Հարությունյանի փորձը շարունակվել է այն ժամանակ, երբ Արցախի 75 տոկոսը կորսված էր, երբ իսկապես փորձառու քաղաքական ու ռազմական գործիչները պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, իսկ Հարությունյան Վաղարշակը 20-ամյա անգործությունից հետո, համաձայնեց դառնալ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարը։

Ձևակերպման մեջ սխալ մի փնտրեք՝ հենց Նիկոլ Փաշինյանի, ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարարը։ Այդ ժամանակ, երբ նույնիսկ ՔՊ-ական պատգամավորները լքում էին Փաշինյանի՝ երերացող նավը, Հարությունյանը համաձայնում էր ամրացնել Փաշինյանի նավի ընթացքը, որը ուղիղ հակասում էր Հայաստանի պաշտպանությանը։ Այնպես որ՝ նրան չհամարենք պաշտպանության նախարար, համարենք պաշտոնը կարոտած և մի կերպ՝ կրկնենք՝ 20-ամյա դադարից հետո այն ձեռքը գցած մարդ։ 

Հետո, իհարկե, Փաշինյանը նրան մոտ մեկ տարի այդ պաշտոնում պահելուց հետո ուղարկեց Մոսկվա՝ որպես Հայաստանի դեսպան։ 

«Փորձառու» Հարությունյանի դեսպանության օրոք էր, որ հակառուսական տրամադրություններն ակտիվորեն գեներացվեցին, իսկ նրա «փորձառության» շնորհիվ, եթե կուզեք՝ պատճառով, նույն ռուսները թույլ տվեցին, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի։ 

Ուզում ենք Վահան Բաբայանի վարդագույն և խոշորացույց ակնոցից, որ տեսնենք՝ թե այդ ինչ դրական հատկանիշներ կամ դրական փորձ ունի Վաղարշակ Հարությունյանը, որ մեզ համար տեսանելի չէ։ Հակառակ՝ տեսանելի, մեր ազգի ու հայրենիքի համար վնասակար կողմը մենք արդեն ցույց տվինք։ 

Եվ, բացի այդ։ 

Այսպիսի կերպարներով, այսպիսի թեկնածուներով, այսպիսի կուսակցություններով ընտրություններին մասնակցելը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու։ Որքան շատ այսպիսի մանր-մունր կուսակցություններ, այնքան շատ փոշիացած ձայներ։ 

Գումարած՝ երբ թեկնածուն էլ Փաշինյանի կողմից «քաղաքական աղբանոցից» վերադարձված մեկն է։ 

Վերջաբանի փոխարեն․ եթե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը հնարավորություն ուներ ինքն այդ նույն «քաղաքական աղբանոցից» վերադարձնել Վաղարշակ Հարությունյանին, բայց չի արել, ուրեմն նրան պետական կառավարմանն արժանի չի համարել։ Ուրեմն հիմա ինչպե՞ս է հանդուրժում նմանների ներկայությունը մի մարդու կողքի, որն առավոտից իրիկուն ՀՀԿ-ի գովքն է անում։ Հանրապետականի ու Սարգսյանի հետ իրենց ասոցացնողների կողմից նման գործողություններն են, որ օրակարգ են բերում «Սերժը բերեց Նիկոլին» կեղծ թեզը։ Սերժ Սարգսյանը, կարծում ենք, պետք է այսպիսիններով զբաղվի։ 

Leave a Comment