12 փետրվարի 2026 – 17:53 AMT
PanARMENIAN.Net – «Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված կալանքը չի փոփոխվել։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել է խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ներկայացված միջնորդությունը քննության առարկա չդարձնել՝ մինչև նոր հանգամանքների ի հայտ գալը։
Պաշտպանի ներկայացմամբ՝ Չախալյանի ընտանիքը բնակվում է Քասախ գյուղում, իսկ նրա երկու անչափահաս երեխաները հաճախում են Երևանի դպրոցներ, ինչը հոր ազատազրկումից հետո էական դժվարություններ է առաջացրել ընտանիքի համար, հայտնում է Sputnik Արմենիան:
Նշվել է, որ ավագ որդին ուսանող է, որի տարեկան ուսման վարձը կազմում է 950 հազար դրամ, դուստրը սովորում է մասնավոր դպրոցում՝ տարեկան 850 հազար դրամ ուսման վճարով։ Բացի այդ, ընտանիքն ունի հիփոթեքային վարկ և այլ պարտավորություններ, որոնց կատարումը դարձել է խնդրահարույց։ Ըստ պաշտպանի՝ ընտանիքի ֆինանսական ամբողջ բեռը եղել է Վահագն Չախալյանի վրա։ Նա նաև ընդգծել է, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող 18 անձանցից ներկայումս ազատազրկված են մնում միայն Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը։
Դատարանը արձանագրել է, որ ներկայացված հանգամանքները նախկինում արդեն քննարկվել են, և դատարանը եկել է այն եզրակացության, որ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 5-ից։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները ծրագրել են իրականացնել ահաբեկչական գործողություններ և քայլեր, որոնք ուղղված են եղել իշխանության զավթմանը։