Սամվել Կարապետյան․ Մեր ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու

Սամվել Կարապետյան․ Մեր ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու

12 փետրվարի 2026 – 16:41 AMT

PanARMENIAN.Net – Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին ցուցադրված տեսանյութում (ստեղծված արհեստական բանականության միջոցով) կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու:

«Մեր պատիվը, մեր միասնականությունը և արժանապատվությամբ լի կյանքը վերականգնելու համար՝ ես հպարտությամբ հայտարարում եմ իմ թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնի համար»,- նշված է տեսանյութում, հայտնել է Panorama.am-ը:

Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ կուսակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանն ասել է. «Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին, ներքին քաղաքականությունը, սոցիալական վիճակը։

Տնտեության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։ Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն, թուլության բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խոսում են թույլ խաղաղությունից։

Խաղաղություն առանց ուժեղ պետության՝ կոչվում է հանձնվել։

Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմին։ Սա հերթական սուտն է, հանրությանը վախեցնելու համար։ Մենք ուզում ենք խաղաղության, ուժեղ և արժանապատիվ խաղաղություն։

Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցել սեփական գրպարանները ու պետք է անել ճիշտ հակառակը։

Մեր առաջարկելիք ծրագիրն ամենաիրատեսականն ու լավագույնն է լինելու ու լայն ճանապարհ է բացելու դեպի ուժեղ Հայաստան»։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment