Արժանապատվության գինը. ուկրաինացի սկելետոնիստը որակազրկվել է «հիշատակի սաղավարտի» պատճառով

Արժանապատվության գինը. ուկրաինացի սկելետոնիստը որակազրկվել է «հիշատակի սաղավարտի» պատճառով

Միլան-Կորտինա 2026 ձմեռային Օլիմպիական խաղերում ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչի շուրջ ծավալված սկանդալն ավարտվել է նրա պաշտոնական որակազրկմամբ և հավատարմագրումից զրկմամբ։ Ամեն ինչ սկսվել է մրցումներից օրեր առաջ, երբ Ուկրաինայի դրոշակակիրը պաշտոնական մարզումներին ներկայացել է «Հիշատակի սաղավարտով», որի վրա պատկերված են եղել պատերազմում զոհված 24 ուկրաինացի մարզիկների դիմանկարները։ 

Մարզիկը հայտարարել է, որ իր համար այս քայլը սկզբունքային է, քանի որ նա ցանկանում է աշխարհին հիշեցնել իր հայրենակիցների վճարած գինը, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դա որակել է որպես Օլիմպիական խարտիայի 50-րդ հոդվածի խախտում, որն արգելում է քաղաքական քարոզչությունը մրցումներում։

Իրադարձությունները դրամատիկ հանգուցալուծում են ստացել փետրվարի 12-ի առավոտյան՝ մրցաշարի մեկնարկից ընդամենը 21 րոպե առաջ։ ՄՕԿ-ի նախագահ Քիստի Քովենթրին անձամբ է հանդիպել Հերասկևիչին՝ փորձելով փոխզիջում գտնել և առաջարկելով սաղավարտը փոխարինել սև թևկապով կամ այն ցուցադրել միայն մրցումից առաջ և հետո։ Հերասկևիչը կտրականապես մերժել է առաջարկը՝ շեշտելով, որ իր զոհված ընկերների հիշատակն ավելի կարևոր է, քան ցանկացած օլիմպիական մեդալ, և որ ինքը չի պատրաստվում «դավաճանել» նրանց հանուն մրցակցության։

ՄՕԿ-ի նախագահը լրագրողների հետ զրույցում չի կարողացել զսպել արցունքները՝ նշելով, որ իրենք չեն վիճարկում ուղերձի կարևորությունը, սակայն պարտավոր են պահպանել մրցաշարում չեզոքության կանոնները։

Մարզիկի հայրը և միաժամանակ մարզիչը՝ Միխայիլ Հերասկևիչը, կատարվածն անվանել է անարդարություն և հայտարարել է, որ ՄՕԿ-ը պարզապես կործանել է իրենց օլիմպիական երազանքը։ 

Ուկրաինայի թիմը պատրաստվում է բողոքարկել որոշումը Մարզական արբիտրաժային դատարանում, սակայն մարզիկն արդեն լքել է Օլիմպիական ավանը՝ մնալով որպես այս խաղերի ամենաաղմկոտ և հուզական բողոքի ակցիայի հեղինակ։

Leave a Comment