Ինտերնետի շուկան հասույթով երկու անգամ գերազանցում է բջջային կապին

2025 թվականին (հունվար-դեկտեմբեր) կապի ոլորտի հասույթը Հայաստանում կազմել է 171.5 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), նախորդ տարվա համեմատ կապի ոլորտի հասույթն ավելացել է 2.7%-ով։ 

Ոլորտի հասույթի առյուծի բաժինը հեռահաղորդակցության շուկան է ապահովում։ Մասնավորապես, 2025 թվականին հեռահաղորդակցության հասույթը կազմել է 159 մլրդ դրամ՝ աճելով 3.1%-ով։ 

Հեռահաղորդակցության ոլորտում հասույթով առաջատարը ինետերնետ հասանելիություն ապահովող ընկերություններն են։ Այս ենթաոլորտի հասույթը կազմել է 85 մլրդ դրամ՝ աճելով 4.4%-ով։ Այդպիսով, կապի ոլորտի հասույթի շուրջ կեսը ինտերնետի շուկային է բաժին ընկնում։ 

Բջջային կապի հասույթը երկու անգամ պակաս է՝ 42.6 մլրդ դրամ, աճը՝ 3.7%: 

Լարային հեռախոսային կապի և հեռագրական ծառայությունների հասույթներն անհամեմատ ավելի փոքր են և էական դեր չեն խաղում կապի ոլորտում։ 

Ինչ վերաբերում է հեռուստառադիոծրագրերի կազմման ու հեռարձակմանը, ապա այստեղ հասույթը կրճատվել է։ 

Մասնավորապես, ռադիոծրագրերից ստացվող հասույթը կազմել է 1.8 մլրդ դրամ՝ նվազելով 1.3%-ով, իսկ հեռուստածրագրերից՝ 10.4 մլրդ դրամ՝ նվազելով 2.5%-ով։ 

2019 թվականից Հայաստանում ինտերնետի շուկան սկսեց երկրորդ պլան մղել բջջային կապը։ Այլ խոսքով՝  կապի շուկայում ինտերնետ հասանելիության ծառայություններից ստացվող հասույթը գերազանցեց բջջային կապից ստացվող հասույթը։ 

Բջջային կապի ծառայությունների հասույթի կրճատումը սկսվել է դեռևս 2014 թվականից, երբ բջջային կապի շուկան հեռահաղորդակցության ոլորտում դեռևս 60% և երբեմն՝ ավելի մեծ տեսակարար կշիռ ուներ։ Սակայն, OTT (անգլ. Over the Top) ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ, ինչպիսիք են Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը, Telegram-ը և այլն, մարդիկ սկսեցին ավելի քիչ օգտվել բջջային կապից։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment