Այսօր՝ փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Կուսակցությունը, որը ստեղծվել էր «Մեր ձևով» շարժման հիմքի վրա, գրանցվել էր 2025 թվականի դեկտեմբերին։
Երեկ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ է ընտրվել Սամվել Կարապետյանը։
Շնորհանդեսի ընթացքում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է։
Կարապետյանը, սակայն, գործող օրենսդրական կարգավորումներով չի կարող ընտրվել վարչապետ։ Նա, Հայաստանի քաղաքացիությունից բացի, նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։
«Ընտրություններից 20 օր անց՝ ԱԺ առաջին նիստին, անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ժողովրդի վատահությամբ և ԱԺ-ի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձի դառնալ Հայաստանի վարչապետ»,- ասաց Կարապետյանը։
Հաջողության դեպքում «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է ԱԺ քվեարկությամբ փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը։ Այս հոդվածով Կառավարության անդամին ներկայացվում են նույն պահանջները, ինչ ԱԺ պատգամավորին։ Իսկ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Սահմանադրության այս դրույթը ԱԺ-ում փոխելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter