Կարապետյան. 8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում

Կարապետյան. 8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում

12 փետրվարի 2026 – 15:51 AMT

PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ «8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»:

Նա առաջարկել է հիշել, թե ինչեր է արել գործող վարչապետն իր կառավարման տարիներին, հայտնում է Panorama.am-ը:

«Նա առաջին ժամկետում կորցրեց Արցախի 75 տոկոսը, կազմաքանդեց ու թուլացրեց բանակը, զավթեց դատարանները։ Երբ տվեցինք երկրորդ շանս, վերջնականապես կործանեց Արցախը, սկսեց իր թիմով հարստանալ, բռնաճնշումներ գործադրել, սարքեց մի քանի դպրոց ու օրը մի քանի հարյուր անգամ թմբկահարեց, գյուղատնտեսությունը տարավ անկման, մարդու իրավունքները սարքեց ՔՊ-ի մենաշնորհ, սկսեց կազմաքանդել եկեղեցին՝ պառակտելով բոլորիս։

Ի՞նչ չես հասցրել անել, որ երրորդ ժամկետ ես ուզում։ Ասում է՝ ներդրումներ եմ բերելու երրոդ ժամկետում։ Բերո՞ղ էիր, բերեիր։ 8 տարի մենակ հույս էիր բերում վաճառում մեզ վրա։ Գործ անել չգիտես, ասում ես հարևաններն են մեղավոր։ Հարևանները նույնն են, դու ես թույլ»,-ասել է Կարապետյանը։

Նա նաև ընդգծել է, որ մարդիկ առաջնորդ են ընտրում այն ակնկալիքով, թե այդ մարդը գալու է և փոխելու է իրենց կյանքը։

«Բայց թարսի նման, ով գալիս է, երկրորդ ժամկետից հետո երրորդն է ուզում։ Մեր ժողովուրդը հո ձեր գերին չի՞։ Հասկացանք, մեկ անգամ, երկու անգամ, հենց նստում եք էդ աթոռին, մոռանում եք։ Այս մարդիկ սոված են, չեն հագենում, դրա համար էլ երրորդ ժամկետ են ուզում։ Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, լուրջ ու կուշտ առաջնորդ»,-ասել է նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ընտրություններից 20 օր անց հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ թույլ տալու միայն 1 ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»։

Leave a Comment