Անանյան Դավիթը պատերազմ մեկնեց հոկտեմբերի 5-ին, կամավոր, ՈՄԱ-ի կազմով։ Սկզբում Դավիթենց խումբը Քարվաճառում էր, հոկտեմբերի վերջին տեղափոխեցին Կարմիր շուկա-Թաղավարդ հատված։ Նրանք խրամատավորվել էին այնտեղ, որտեղով մինչև 2023 թվականի սեպտեմբերը պետք է անցներ փշալարը՝ Թաղավարդը բաժանելով հայկականի ու ադրբեջանականի։
Թերևս հենց այդ տղաների շնորհիվ էր, որ Թաղավարդն ամբողջությամբ ադրբեջանական տիրապետության տակ չանցավ։
2020 թվականի նոյեմբերի 9-ին հրետակոծությունը կտրուկ դադարում է, լռություն էր։ Այն, որ հրադադար է կնքվելու, տղերքը չեն էլ իմացել։ Դեռ չէին հասցրել լռության հետ հաշտվել, երբ գիշերվա մեջ ուժեղ պայթյուն լսվեց. ավիառումբ էր։ Ժամը գիշերվա 00։50-ի սահմաններում թշնամական ավիառումբն ընկել էր հենց այն խրամատի վրա, որտեղ 3 ընկերներն էին՝ Դավիթը, Կարենն ու Վաղարշը․․․ Ճակատագրի հեգնանքով բոլոր լուսանկարներում նրանք երեքով են։ Նրանց ծանոթությունն ու ընկերությունը տևեց 35 օր, ճիշտ այնքան, որքան նրանց բաժին պատերազմն էր։
Դավիթ Անանյանի կյանքը պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, հրադադարի հետ էլ ավարտվեց։ Նա 3 երեխա ուներ…



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: