Վաղարշապատում ձերբակալված «Հաղթանակ» դաշինքի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Վաղարշապատում ձերբակալված «Հաղթանակ» դաշինքի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

12 փետրվարի 2026 – 13:41 AMT

PanARMENIAN.Net – Վաղարշապատում ձերբակալված 6 ընդդիմադիրի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Դատարանները մասնակիորեն բավարարել են Քննչական կոմիտեի միջնորդությունները՝ նրանց կալանավորելու վերաբերյալ, սակայն որպես խափանման միջոց ընտրել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Այդ մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեից, հայտնում է «Ազատությունը»։

Յոթերորդ մեղադրյալը մնացել է ազատության մեջ, քանի որ դատարանը մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Քննիչները յոթ ընդդիմադիրներին մեղադրել են այն բանում, որ անցած տարվա նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընթացքում քաղաքացիներին ուղղորդել են «Հաղթանակ» դաշինքի օգտին և խոչընդոտել ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Մեղադրյալները հանդիսացել են դաշինքի ավագանու անդամի թեկնածուներ և աջակիցներ։ «Հաղթանակ» դաշինքը հերքել է առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները կասկածի տեղիք են տալիս։

Քննչականի հրապարակած գաղտնալսումներում մարդկանց հորդորում են ՔՊ-ին չընտրել, խոսում են տեղամասեր տանելու մասին, հորդորում՝ ում քվեարկել, ում՝ ոչ:

Ըստ դաշինքի ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի՝ եթե անգամ իր թիմակիցները քննարկում են քվեարկության օրվա հետ կապված անցուդարձը, դրա ի՞նչն է հանցագործություն:

Leave a Comment