Հայաստանի Հանրապետության արագ արձագանքման բժշկական խումբ (ԱԱԲԽ) կստեղծվի, որը կկարողանա գործել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մարդասիրական առաքելություններում։ Նախագծին կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 12-ին։
Նախագիծը բխում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում 2024թ. դեկտեմբերի 5-ին ընդունված փոփոխություններից, որոնցով սահմանվել է ԱԱԲԽ ձևավորելու իրավական հիմքը։ Խումբը կարող է ներգրավվել արտակարգ իրավիճակների ժամանակ՝ երկրաշարժերի, զինված հակամարտությունների, վարակիչ հիվանդությունների և այլ ճգնաժամերի պայմաններում։
Առաջարկվում է խումբը ձևավորել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետների մասնակցությամբ։
Ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Արտերկրյա առաքելությունների դեպքում ծախսերը կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից՝ վարչապետի որոշմամբ։
