«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախօրեին լսեցի մի այսպիսի կարծիք՝ մենք ուզում ենք զարկ տալ հանքարդյունաբերությա՞նը, թե՞ օրինակ զարկ տալ էկոտուրիզմին, գյուղատնտեսությանը:

Հարց է առաջանում, ընկերներ, իսկ հնարավոր չէ՞ թե մեկը զարգացնել, թե մյուսը: Առավել ևս, որ «դրսում» 21-րդ դարն է, տեխնոլոգիական առաջընթացի դար, որը թույլ է տալիս բնապահպանական բարձր ստանդարտների պահպանությամբ հանքարդյունաբերական համալիրի ապահովում, ինչը նաև ստեղծում է հնարավորություն զուգահեռ ոլորտների զարգացման համար:

Ինչո՞ւ պետք է անպայման հակադրել մեկը մյուսին, ինչո՞ւ անպայման մտածել այդ հակադրությունների սխեմայով:

Եվ երկրորդ: Էկոտուրիզմը և գյուղատնտեսությունը չեն կարող լինել տնտեսկանա «հրետանի»: Երկրները, որոնք գերազանցապես կախված են այդ սեկտորներից, մեղմ ասած ոչ դիմադրունակ տնտեսությամբ երկրներ են: Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է: Հայաստանում այդ տեսանկյունից կա հանքարդյունաբերական ներուժը, որն, այո, պետք է տնօրինել գրագետ, խելացի, բնապահպանական ստանդարտների ավելի ու ավելի բարձրացող չափանիշներով, մարդկային առողջության և սոցիալական բարձր ստանդարտներով, բայց պետք է զարգացնել ու ներգրավել նոր ներդրումներ: Հատկապես, որ հանածոներն այսօր աշխարհաքաղաքական պայքարի առանցքային ուղղություններից մեկն են, հետևաբար այստեղ պետք է պատրաստվել ոչ թե «անձեռնմխելիության»՝ ինչը կլինի ծիծաղելի, այլ փոխադարձաբար ձեռնտու գործընկերային համաձայնությունների ու ներդրումների:

Ուժեղ տնտեսությունն է նաև, որ կարող է իրեն թույլ տալ ռեսուրս հատկացնել «էկզոտիկ» ոլորտների զարգացման համար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment