Փորձ է արվում եկեղեցին դարձնել «խամաճիկ կառույց», բայց դա անհնար է․ Նիկողոս Հովհաննիսյան

Չնայած իշխանությունների կողմից գործադրվող ճնշումներին՝ խափանելու Հայաստանի սահմաններից դուրս նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը, այնուամենայնիվ, ըստ վերջին տեղեկությունների, այն կկայանա։ Նախապես ընտրված վայրի վերաբերյալ որոշումն էլ մնում է անփոփոխ։ AlphaNews-ի հետ զրույցում աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանը նշել է, որ տեղի ունեցողը վկայում է՝ Հայ Առաքելական եկեղեցին չի ընկրկում իշխանությունների ճնշումների առաջ։ «Եկեղեցին դարեր շարունակ մեր ազգային կյանքում ունեցել է լուրջ և կարևոր դերակատարություն, և որևէ թագավորություն կամ իշխանություն չի կարող եկեղեցուն պարտադրել որևէ բան»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում նկատվող գործընթացները սովորական ճնշումներ են եկեղեցու նկատմամբ։ Ըստ աստվածաբանի՝ փորձ է արվում եկեղեցին դարձնել «խամաճիկ կառույց», բայց դա անհնար է։

«Եկեղեցին երբևէ չի կարող դառնալ որևէ իշխանության ձեռքի գործիք»,- ընդգծել է նա։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Մայր Աթոռում տեղի ունեցող գործընթացները բացառապես եկեղեցու ներքին գործն են։ Նրա խոսքով՝ միայն Մայր Աթոռն ու եկեղեցին կարող են որոշել, թե որտեղ և երբ պետք է անցկացվի ժողովը, և որևէ արտաքին ուժ չի կարող փոխել այդ որոշումները։ «Այն, ինչ որոշվել է, դա էլ կլինի»,- եզրափակել է աստվածաբանը։

Leave a Comment