11 փետրվարի 2026 – 18:27 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ հայկական բիզնեսը պետք է արձանագրի՝ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է։
«Այս 40 տարիներին մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այնպես, որ արտահանումն իրականացվում է մեքենաներով։ Գնացքը ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ, լոգիստիկ տրամաբանությունը պետք է մի քիչ վերադասավորվի։ Պաշտոնապես ասում եմ՝ ժամանակն է, որ դա տեղի ունենա»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա հայտարարել է նաև, որ Հայաստանը քննարկում է նաև Իջևանն Ադրբեջանի երկաթուղուն միացնելու հարցը, հայտնում է «Ազատությունը»:
«Ապաշրջափակման համատեքստում գործնականում չկա այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբացման հարցը չքննարկվի», – ասել է վարչապետը։
Փաշինյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ սողանքների հետևանքով երկաթուղու Հաղարծնի հատվածը «ընդհատված» է։ Ըստ վարչապետի, սակայն, դա լուծելի խնդիր է։
«Եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ի ցույց դնի, շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ», – ընդգծել է վարչապետը:
Փաշինյանը հայտնել է նաև, թե ուսումնասիրությունների համաձայն՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ամենակարճ ճանապարհը հենց Իջևանով է։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը հայտարարել է, որ ՌԴ-ից Հայաստան ցորենի արտահանումն Ադրբեջանի տարածքով դարձել է կանոնավոր: