«Վարչաբենդ»-ի համերգի համար ՔՊ-ն ծախսել է ավելի քան 8,5 միլիոն դրամ – Armenia Today

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Վարչաբենդ»-ի հունվարի 30-ին «Պալլադիում հոլլ»-ում կայացած համերգի համար ծախսել է ընդհանուր 8,5 միլիոն դրամ, հայտնել է կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան։

Armenia Today-ի ավելի վաղ արված հարցմանն ի պատասխան՝ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ երեկույթի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը գումար չի ծախսել։

Ըստ ներկայացրած տվյալների՝  ֆինանսական հատկացումների հիմնական մասնաբաժինը՝ 4,9 միլիոն դրամ, ուղղվել է բրենդավորմանը, ձևավորմանը, ատրիբուտիկայի գնումներին։ Տարածքի վարձակալությունը կազմել է 2,5 միլիոն դրամ։ Գործիքավորման, երաժիշտների և դիջեյի վարձատրության համար՝ 1,1 միլիոն դրամ, ասված է պատասխան նամակում։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Վարչաբենդին» և պատմել , որ 2025 թվականին նվեր քարտ է ստացել 250 դոլար արժողությամբ հարվածային գործիքների ուսուցման մեկամյա դասընթացի համար և առցանց տարբերակով սովորում է նվագել։

«Օնլայն վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը տալիս է: Ենթադրում եմ ինքը չգիտի, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի: Օնլայն պլատֆորմ է, վճարովի։ Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող եմ կիսվել, որովհետև ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով և իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը զրոյից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել և հարվածային գործիքներ նվագել սովորեցնել»,- պատմել է նա։

Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներ նվագել էր սովորում, որից հետո իր բենդն էր ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով։ Նա այդ մասին հայտարարել էր հարվածային գործիքներ նվագելու տեսանյութեր հրապարակելուց հետո՝ թողարկելով «Իրական Հայաստան» վերնագրով երգ իր գրած բառերի հիման վրա։ 

Leave a Comment