Մեր երկրները կխորացնեն փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նոր նախաձեռնություններ․ Փաշինյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության տարեդարձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ, հայտնել են կառավարությունից։

Ըստ հրապարակման՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:

«Համոզված եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- շեշտել է նա։

Իրանի նախագահին ուղղված նամակում վարչապետը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա:

«Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը»,- շեշտել է նա։

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում քննարկել էր Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների ապրանքների նկատմամբ կիրառվող սակագնային քաղաքականությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին ասել էր, որ Վենսի այցի շրջանակում քննարկվող հարցերի շրջանակում հակաիրանական տարրեր չկան։

Leave a Comment