11 փետրվարի 2026 – 11:41 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման հարցին՝ նշելով, որ hայկական երկաթուղու ռուսական կառավարումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում որոշակիորեն մեզ զրկում է մրցակցային առավելությունից:
«Միջազգային լարված համատեքստի պատճառով և այն հանգամանքի բերումով, որ ՀՀ սեփականություն հանդիսացող երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո, մենք զգում ենք, որ այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք։ Մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որովհետև սա 1, 2, 3 կամ 4 տարվա հարց չէ։ Մենք պետք է լուծում գտնենք, և այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ըստ նրա՝ տարբեր տեղեկություններ են պտտվում, ըստ որոնց՝ հայկական երկաթուղին նույնիսկ ներկայացվում է որպես ռուսական ուղի։ Փաշինյանի խոսքով՝ դրա համար էլ զրոյից մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս-Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Փաշինյանը նշել է, որ հարցն ուղիղ քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ասել եմ՝ ինչո՞ւ եք մի քանի միլիարդ ծախսում ստեղծելու մի բան, որն արդեն իսկ գոյություն ունի, իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությամբ են պատասխանել, բայց հիմա միջազգային մամուլի արձագանքը տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է, և մենք պետք է հասկանանք՝ ինչ լուծումներ ունենք»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ խնդիրը առնչվում է Հայաստանի ռազմավարական և երկարաժամկետ շահերին, ուստի բոլոր բարեկամական երկրները պետք է շահագրգռված լինեն՝ աջակցելու այդ շահերի ապահովմանը, այլ ոչ թե Հայաստանը կանգնեցնելու փակուղու առաջ։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարով հանձնվել է կոնցեսիոն կառավարման՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ ռուսական կողմի հետ պայմանավորվածությամբ, որը նաև ներառում է ժամկետի հնարավոր երկարաձգում ևս 10 տարով։