11 փետրվարի 2026 – 12:18 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում փետրվարի 10-ին Երևանում կայացել է Հայաստան – ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության անդամներ, երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ 2025 թվականի հունվարին ձևավորված Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը հիմք է դարձել համապարփակ և երկարաժամկետ տեխնոլոգիական համագործակցության համար։
«Այսօրվա գագաթաժողովը այդ աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։ Հայաստանը նպատակային և վճռական քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների և նորարարության իր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք հստակ գիտակցում ենք, որ այս ոլորտներում կայուն առաջընթացը հնարավոր չէ մեկուսացված պայմաններում։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարևորություն է տրվում Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաև առաջատար մասնավոր ընկերությունների և հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանը», – ասել է նախարարը։
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանն իր խոսքում նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության առանցքային ուղղություններից մեկը։
«Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով։ Օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը մեր հարաբերությունների նշանակալի հանգրվանն էր, բայց ավելի կարևոր է, որ կարողանանք այդ փաստաթուղթը վերածել կոնկրետ գործողությունների՝ բազմաթիվ կարևոր նախագծերով, որոնք արդեն իրականացվում են, և շատ ավելին դեռ առջևում է», – ասել է նա։
ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքական ավագ խորհրդական Ջոնաթան Ասքոնասը շեշտել է, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունը հանդիսանում են տնտեսության զարգացման և հնարավորությունների ստեղծման հիմնական շարժիչ ուժերը։
«Կարծում եմ՝ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի լավագույն պահպանված գաղտնիքներից մեկն է: Միջազգային տեխնոլոգիական հանրությունը դեռ լիարժեք չի բացահայտել այն բացառիկ խորությունն ու ներուժը՝ մարդկային կապիտալի, կարողությունների և ներդրումային հնարավորությունների առումով, որոնք առկա են Հայաստանում», – նշել է Ասքոնասը։
Shield AI ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլին իր ելույթում անդրադարձել է պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանը։
«Shield AI-ը համագործակցում է Հայաստանի հետ՝ ուսումնասիրելով գործընկերության հնարավորությունները օդանավերի բաղադրիչներ արտադրող ընկերությունների հետ՝ V-BAT անօդաչու թռչող սարքերի և այլ անօդաչու համակարգերի համար։ Ընկերությունը տրամադրում է իր Hivemind ինքնավարության ծրագրային ապահովումը՝ այդ հարթակներն ավելի խելացի, արդյունավետ և մարդկանց համար ավելի դյուրին կառավարելի դարձնելու նպատակով», – ասել է նա։
Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանն իր ելույթում ներկայացրել է ընկերության դերը Հայաստանում կիսահաղորդիչների նախագծման և արհեստական բանականության ոլորտում։
«Վերջերս մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերության մասին NVIDIA-ի հետ՝ այս լուծումները նրանց GPU-ների վրա գործարկելու նպատակով, ինչպես նաև NVIDIA-ն իրականացրել է էական ներդրում՝ դառնալով Synopsys-ի համասեփականատեր», – նշել է Զորյանը։
«Board of Peace» միջազգային կազմակերպության տնօրեն Էրիա Լայթսթոնը գագաթաժողովում ընդգծել է գործնական արդյունքների կարևորությունը։
«Երբ օգոստոսի 8-ին մենք դուրս եկանք Սպիտակ տնից, ես մտածեցի, որ իմ աշխատանքն ավարտված է։ Սակայն հենց փոխնախագահն էր, ով ասաց․ «Դու նոր ես սկսում»։ Ես խորապես համոզված եմ, որ սա կարևոր հանգրվան է։ Սա նշանակալի քայլ է, սակայն երբ մենք վերադառնանք այստեղ 30, 60 կամ 90 օր անց, ես ուզում եմ, որ այս դահլիճը լինի երեք անգամ ավելի մեծ, և մենք նշենք ոչ թե գործարքների սկիզբը, այլ դրանց իրականացումը և այն նոր հնարավորությունները, որոնք դրանք կստեղծեն», – նշել է Լայթսթոնը։
Գագաթաժողովի ընթացքում հայտարարվել է նաև YouTube-ի ծրագրային ընդլայնման մասին։ Ըստ Ջոնաթան Ասքոնասի՝ հարթակը պատրաստվում է գարնանը գործարկել YouTube Partner Program-ը Հայաստանում։
«Ծրագրի ընդլայնումը հնարավորություն կտա հայ ստեղծագործողներին վաստակել հարթակում, կառուցել սեփական բիզնեսներ և հասնել նոր լսարանների։ YouTube Partner Program-ն աջակցում է ստեղծագործողներին, արտիստներին և մեդիա ընկերություններին՝ հարթակում եկամուտ ստանալու հնարավորություններ ստեղծելու միջոցով», – ասել է Ասքոնասը՝ ներկայացնելով YouTube-ի պաշտոնական հաղորդագրությունը։
Տեսաուղերձով միջոցառմանը միացել է նաև SpaceX-ի Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման ավագ տնօրեն Ռայան Գուդնայթը՝ հայտնելով նոր համագործակցության մասին։
«Հաջորդ համագործակցային քայլի շրջանակում Starlink-ը համագործակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ Հայաստանի 100 դպրոց ապահովելու բարձր արագությամբ ինտերնետով», – նշել է նա։
Հայաստան–ԱՄՆ Տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը կազմակերպվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ։ Այն նպատակ ունի ռազմավարական երկխոսությունը վերածել տեխնոլոգիական ոլորտում գործնական համագործակցության։