«Պատմությունը ջնջելը վիրավորում է»․ Փելոսին՝ Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի գրառումը հեռացնելու մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության մասին գրառումը ջնջելու քայլը։

Նա նշել է, որ սա իր համար անակնկալ չէր, թեև խորապես հիասթափեցնող էր։

«Այդ ճշմարտությունն ընդունող գրառումը՝ պատմությունը ջնջելը վիրավորում է զոհերի հիշատակը և թուլացնում է մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառությունը ամբողջ աշխարհում։ Երբ 2022-ին՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, այցելեցի Հայաստան, մեր պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց վերապահումների խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունն արժեք ունի»,- ընդգծել է Փելոսին։

Նա հավելել է, որ այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ 2019-ին Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և երբ 2021-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց այն։ Փելոսին մտահոգություն է հայտնել, որ Բայդենի այդ դիրքորոշումը «հետագայում խայտառակ կերպով փոխվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից»։

CNN-ը նույնպես անդրադարձել է Վենսի ջնջված գրառմանը, որտեղ հիշատակվել էր Հայոց ցեղասպանությունը։ 

CNN-ը նշում է, որ «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումն արտահայտելը չի համընկնում Թրամփի վարչակազմի ներկայիս դիրքորոշման հետ, քանի որ վարչակազմը պաշտոնապես չի օգտագործում «Ցեղասպանություն» եզրույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանությունների վերաբերյալ։

Պարբերականը նշել է, որ բացի Բայդենից, «ԱՄՆ նախագահները հիմնականում խուսափել են այդ տերմինից՝ չվնասելու հարաբերությունները Թուրքիայի հետ, որը տարածաշրջանային կարևոր դաշնակից է»։

Փոխնախագահի աշխատակազմի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ հաշիվը կառավարվում է աշխատակիցների կողմից և հիմնականում օգտագործվում է փոխնախագահի գործունեության լուսանկարներն ու տեսանյութերը տարածելու համար։ Նա հավելել է, որ փոխնախագահի դիրքորոշման վերաբերյալ պետք է առաջնորդվել նրա հրապարակային մեկնաբանություններով։

Լրատվամիջոցը նաև մեջբերում է **Armenian National Committee of America**ի արձագանքը, ըստ որի՝ գրառման ջնջումը «ժխտողական քայլ է»։

Վենսը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հուշահամալիր է այցելել «հարգանքի նշանով՝ թե՛ զոհերի, թե՛ Հայաստանի կառավարության հանդեպ»՝ զանգվածային կոտորածը բնութագրելով որպես «շատ սարսափելի իրադարձություն, որը տեղի է ունեցել մի փոքր ավելի քան 100 տարի առաջ»։

Վենսը փետրվարի 9-10-ը Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այցի վերաբերյալ նա գրառում էր արել՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության եզրույթը։ Գրառումը նա ավելի ուշ ջնջել էր։ Վենսի խոսնակի կողմից տեղադրված նոր գրառման մեջ չէր հիշատակվում «Ցեղասպանություն» բառը։ Դրա փոխարեն այնտեղ նշված էր. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»։

«Ազատություն» ռ/կ-ին Վենսի աշխատակազմից հայտնել էին, որ «գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակության կազմում չէին»։ 

Leave a Comment