ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը Reuters-ին հայտնել է, որ դադարեցվել է անցյալ տարի իր նախաձեռնությամբ ստեղծված Director’s Initiatives Group (DIG) խմբի գործունեությունը։ Խմբի ստեղծման նպատակը հետախուզական կառույցներում քաղաքականացման վերացումն էր։ Սակայն ընդդիմախոսները այն քննադատել են՝ պնդելով, որ խումբը ծառայել է Թրամփի վարչակազմի կուսակցական նպատակներին։
Գաբարդը նշել է, որ խմբի անդամները տեղափոխվել են իր գերատեսչության այլ ստորաբաժանումներ։ Նրա այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ երկու աղբյուր հայտնել էին, թե խումբը լուծարվել է՝ թույլ տված սխալների պատճառով։
Գաբարդի գրասենյակի խոսնակը հերքել է սխալների վերաբերյալ պնդումները՝ ընդգծելով, որ DIG-ը սկզբից նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց՝ «բարձր առաջնահերթության նախագծերի» իրականացման համար, այդ թվում՝ նախագահական գործադիր հրամանագրերի կատարման նպատակով։
«Director’s Initiatives Group-ը ստեղծվել էր որպես ժամանակավոր նախաձեռնություն՝ ռեսուրսներով աջակցելու բարձր առաջնահերթություն ունեցող, կարճաժամկետ ժամկետներ ունեցող ծրագրերին, ներառյալ նախագահական գործադիր հրամանագրերի իրականացումը», — Reuters-ին ասել է Գաբարդը։
Նա նաև հավելել է. «Մենք շարունակում ենք արդյունքներ ապահովել՝ Director’s Initiatives Group-ին ժամանակավորապես ներգրավված մասնագետների փորձն ու կարողությունները օգտագործելով և նրանց ներգրավելով Ազգային հետախուզության տնօրինության տարբեր թիմերում»։
