Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․ Փաշինյան

Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։ 

«Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ: Եվ ընդհանրապես, ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն՝ պետության մեջ: Եվ մենք նախորդ շրջանում, ցավոք, տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել, փաստացի, առանց դրա մասին հայտարարելու, որպես պետություն՝ պետության մեջ, այլ՝ որպես օտարերկրյա պետություն-պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա: Երկրորդ հարցը, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Այսինքն՝ եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետք է չլինի: Տեսեք, երբ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ հրաժարականի մասին… Այստեղ ես չեմ հարցը, հասկանո՞ւմ եք, այստեղ քաղաքական գործընթացներ են: Լավ՝ մեկ, երկու, երեք, ասացինք՝ լավ, ոչինչ, պետք է լինել հանդուրժողական, արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ, քաղաքական հայտարարություններ անել: Եվ ի՞նչ եղավ, եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում Մայր Աթոռում ունեցած խորհրդակցություններից հետո և դրա արդյունքում: Շատ կարևոր է նաև ինչ եղավ, այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում և միջավայրում տեղի ունեցավ և մարեց, այսինքն՝ մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետև խոսքը մեր պետության ինքնիշխանության, անվտանգության մասին է:

Բայց այս ամեն ինչն իրագործելու համար, այս խնդիրները լուծելու համար մեզ պետք է եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի՞ մասին է՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետք է լինեն, որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով, Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու և այլն։

Սակայն ոչ միայն հոգևորականները, այլև բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն։ Ուրիշ բան է քաղաքական հայացքներ ունենալը, ուրիշ բան է քաղաքական հայացքներն արտահայտելու միջոցները և ձևերը։ Գիտեք ինչ, պատարագի խորանն օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար, կներեք, դա սրբապղծություն է, որովհետև պատարագը Հիսուս Քրիստոսի և նրա դավանած արժեքների մասին է։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ՝ ռադիկալ տեքստեր։ Հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև՝ Դուք գիտե՞ք, որ աշխարհում, շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Տեսեք, ասում եք՝ քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են՝ ո՞նց, հոգևորականների դեմ քրեական գո՞րծ եք հարուցում, ո՞նց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել: Ոչ ոք չի ասում՝ ո՞նց կարող է հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցնի, սաբոտաժ անի, երթևեկությունը կասեցնի, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին:

Մեր խնդիրն ի՞նչ է՝ թողնել, որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն՝ բա պետությունը ո՞ւր էր, բա ո՞ւր էր նայում պետությունը, իսկ ո՞ւր էր նայում Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ո՞ւր էր նայում Կառավարությունը և այլն:

Կետը, որում դա պետք է տեղի ունենա, ի վերջո, Հայաստանը ժողովրդավարական պետություն է և որևէ բան չի կարող տեղի ունենալ առանց հանրության աջակցության: Ինձ շատ են ասում, որ դեռ չես դադարել հեղափոխական լինել, ինչ լինում է՝ հանրություն, հանրություն: Խոսքը լեգիտիմության մասին է, ինձ համար լեգիտիմությունը բացարձակ արժեք է, ու ֆիզիկապես, ենթադրենք, պրոցեսներ իրականացնելը, առավել ևս վարչապետի կարգավիճակում, գուցե այդքան էլ դժվար չէ: Մանավանդ այն պայմաններում, երբ տեղի է ունենում աննախադեպ բան՝ Մայր Աթոռի զանգերը հնչում են՝ մարդկանց հրավիրելով, և մարդ չի արձագանքում դրան: Սա խոսում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերնախավի առաջնորդության կողմից հարուցած խորը հոգևոր ճգնաժամի մասին:

Ուրիշ բան էլ ասեմ, շատ ենք խոսում, որ մենք պետք է ունենանք արժեքահենք հասարակություն, արժեքահենք հանրություն, որտեղ արժեքները, բարոյական նորմերը, ի վերջո, կշիռ ունենան և այդ կշիռը գնալով մեծանա։ Ես ասում եմ՝ անհնար է ունենալ արժեքահենք հանրություն, երբ մեր արժեքների էպիկենտրոնը, մեր սրբություն սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ախտահարված է: Սրանք կոմպլեքս հարցեր են, սա, իմիջիայլոց, շատ լուրջ, նուրբ և բարդ հարց է, և նորից եմ ասում՝ ինչքան պետք կլինի ես այս ճանապարհով կգնամ, բայց այդ ճանապարհին լեգիտիմությունից չեմ շեղվի երբեք: Վարչապետ, ոչ վարչապետ հարցը, ես նորից եմ ասում՝ ես ինքս ինձ համարում եմ, և ես այդպիսին եմ, հոգևոր արժեքներ և հոգևոր կյանք ունեցող մարդ, և ես չեմ կարող Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդի, հավատավոր հետևորդի իմ ինքնությունն ինձնից անջատել և դնել չորս մետր այն կողմ։ Եվ սա է հարցի պատասխանը։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, և ես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եմ, ես չեմ կարող կիսվել երկու մասի»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 1 դրամով վարչապետ աշխատելուն։ 

«Երբ ես մեկ դրամով որպես վարչապետ աշխատեմ և Դուք հարցազրույցում զրույցի ժամանակ հարցնեք՝ այս կոստյումը Ձեզ որտեղից, ես ի՞նչ եմ պատասխանելու։ (Ասելու եք՝ Ձեզ աջակցել են մասնավոր միջոցներով-լրագրող)։ Դա կոռուպցիա է։ Դա հենց կոռուպցիա է, բա կոռուպցիան ինչի մասին է: Կամ, ընդհանրապես, որ ասեք՝ ո՞նց եք սնվում, ո՞նց եք ապրում և այլն, ես ի՞նչ եմ պատասխանելու այդ հարցին։ Պարգևավճարների մասով՝ ես երկար տարիներ ընդհանրապես պարգևավճար չեմ ստացել, բայց խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինստիտուտի և համակարգ ստեղծելու և կայացնելու մասին է: Իմիջիայլոց, ուզում եմ նաև հետևյալը ընդգծել՝ այն, ինչ-որ դուք ասում եք, դա պետության զավթման սցենար է, երբ պետությունը վերցնել և դնել մի կամ մի քանի մարդկանց գրպանում, և դա հենց օլիգարխիան է: Հայաստանում երկար տարիներ եղել է պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհուպ՝ նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ: Եվ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում՝ այդ քրեական գործերը ցուցմունքների վրա չեն հիմնված, խուզարկություններով, ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են առգրավվել, որտեղ ցուցակը երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել, և այդ նույն անձինք են: Սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։

Աղքատության հետ կապված խնդիրները, լուծումն ինչի՞ հետ է կապված, կապված է Կառավարության և իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետք է գերկենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում, հազար ներողություն եմ խնդրում, այդ գերկենտրոնացվածությունից իրենց պիտի չկարողանան շեղել, այդ թվում՝ կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը, և հազար ներողություն, ընտանիքի անդամներն էլ պիտի չկարողանան պաշտոնյային շեղել իր գերկենտրոնացած աշխատանքից՝ սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու և հետ գալու հարցը, էլ չեմ ասում տուն գալիս հաց կբերես և այլն, հայտնի ժանրերը: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետք է զրոյացնենք կոռուպցիան: Մենք երկար տարիներ աշխատում ենք և արձանագրում ենք, որ այո՛, այդ թվում՝ միջազգային վարկանիշներով, մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան: Որո՞նք են պատճառները, պատճառները, այդ թվում՝ այն միջավայրն է, որը փոփոխություն չի կրել, և այս որոշումներն առաջին հերթին քաղաքացիների համար են:

Տեսեք, մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել: Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների ծառայություններ են ստանում, այդ ծառայություններ չստանալու դեպքում, հազար ներողություն, բայց նրանց մի մասը հաստատ չէր ապրի: Պետական կառավարման համակարգի 24 ժամ աշխատանքի շնորհիվ է այդ արդյունքն արձանագրվում: Ես հիշում եմ, երբ ես սեպտեմբերին էր, թե օգոստոսին էր կամ նույնիսկ հոկտեմբերին էր, ես խնդիր դրեցի, ասացի՝ բացառում եմ, չգաք ասեք էլի հետաձգեք, գնացեք 24 ժամ աշխատեք և համակարգը ներդրեք: Այսօր համակարգը ներդրված է, բայց այդտեղ կա նաև բարոյական խնդիր, չէ՞: Ես մարդուն ասում եմ՝ 24 ժամ աշխատի, այսինքն՝ տուն մի գնա, ընտանիքիդ խնդիրները մի լուծի, քո անձնական խնդիրներով մի զբաղվի, գնա աշխատի, հետո ասեմ՝ սա էլ քո մի դրամը: Այդտեղ անհամատեղելիություն կա, որովհետև այդ ձեր ասած մի դրամները պետությունն արժեզրկելու մասին է և պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին է: Եվ այն մարդիկ, ովքեր այդ մեծ գրպաններն ունեն, և իրենք այդ գրպաններում, ըստ ամենայնի, դատարկություն են սկսել զգալ, և խնդիր կա հրատապ ձևով այդ դատարկությունը լցնել Հայաստանի Հանրապետությամբ: Ես համոզված եմ, որ մենք՝ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, իհարկե, ժողովուրդը դա թույլ չի տա»,- նշել է վարչապետը։

«Այս ընտրությունն իրականում, այո՛, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է, և մենք պետք է պատմական ընտրություն կատարենք: Եվ հասել է այն պահը, որի մասին ես խոսում էի 2018 թվականին. 2018 թվականին ես խոսում էի մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի և կրկնված ցիկլերից դուրս գալու մասին: Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ մենք ինչ-որ աշխարհաքաղաքական շատ դեպքերում, մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն և հետո նորից մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու մենք հնարավորություն ունենք, մենք հնարավորություն ունենք և արդեն իսկ դա տեղի է ունեցել: Դրա առաջին քայլերը տեղի են ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատևության օրակարգի վրա: Եվ ուզում եմ մենք գնահատենք, թե հենց այսօր՝ փետրվարի 10-ին, և նախորդող շրջանում, ի՞նչ է տեղի ունենում:

Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն: Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով և կորուստներով ձեռքբերված խաղաղությանը: Կրկին ուզում եմ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր նահատակներին և ծնկի եմ գալիս նրանց առաջ և խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին: Բայց ես ուզում եմ մի բան ընդգծել՝ մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն, մեր միջավայրն այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։ Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն: Տեսեք, շատ է խոսվում երաշխիքների մասին, սա է խաղաղության երաշխիքը, երբ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը»,- նշել է վարչապետը։ 

Leave a Comment