9 մլրդ դոլար արտահանո՞ւմ, թե՞ ներդրում

9 մլրդ դոլար արտահանո՞ւմ, թե՞ ներդրում

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Երեկվանից կրքերը եռում են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Վենսի հայտարարության շուրջ․ «That means up to $5 billion in initial US exports, plus an additional 4 billion in long-term support through fuel and maintenance contracts»։ Մեկ շնչի հաշվով տնտեսագետների և էներգետիկների թվով Հայաստանը հավակնում է ռեկորդ խփել․․․

ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստան արտահանել 5 միլիարդ դոլարի ռեակտոր (ենթադրում եմ՝ ներառյալ կառուցման մասնագիտական խորհրդատվություն) և հետագա տարիներին 4 միլիարդ դոլարի վառելիք և շահագործման մասնագիտական ծառայություններ։ Այո՛, սա ապրանքների և ծառայությունների արտահանում է ԱՄՆ-ի համար, և ներկրում՝ Հայաստանի համար։

Բայց այդ, 9 միլիարդից 5 միլիարդը ներդրում է, ներդրում Հայաստանի համար՝ հիմնական կապիտալի համախառն կուտակում, անկախ նրանից՝ ֆինանսավորող կողմն ԱՄՆ-ն է, թե՞ Հայաստանը։ Ավելին, հարգելի «տնտեսագետներ», եթե ապրանքն արտահանման առարկա է, չի ենթադրում, թե դա չի կարող լինել ներդրում։ Ընդ որում՝ կախված ատոմակայանի սեփականության կառուցվածքից, դա կարող է նաև լինել օտարերկրյա ուղղակի ներդրում Հայաստանի համար։ 

Հ․Գ․ 1. Լուսանկարում մի սահմանադրագետ-իրավաբանի «տնտեսագիտական» մեկնաբանություն է հարցի վերաբերյալ, ով, հավանաբար, տեղյակ չէ, որ շատ երկրներ կիրառում են export financing, երբ տվյալ երկրի կառույցները ֆինանսավորում են օտարերկրյա գնորդներին իրենց երկրի ապրանքները գնելու համար, մանավանդ, երբ խոսքը գնում է այնպիսի ռազմավարական ապրանքների մասին, ինչպիսիք են ատոմային ռեակտորները։ Ակնհայտ է՝ ո՛ր երկիրը մատակարարի, ինքն էլ ֆինանսավորելու է, ասենք չի կարող էլի ԱՄՆ-ն ֆինանսավորել Հայաստանում ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանի կառուցումը։ 

Հարկ եմ համարում նշել նաև, որ այս ֆինանսավորումն ավտոմատ չի ենթադրում մեզ համար պետական պարտք, կան պետական-մասնավոր գործակցության տարբեր մոդելներ, ամենայն հավանականությամբ՝ հենց այդպիսի մի մոդելով էլ առաջ կգնանք։ Ես ենթադրում եմ պետական պարտքի կոմպոնենտն այս ենթակառուցվածքային նախագծում շատ ավելի քիչ կլինի, քան 5 մլրդ դոլարը։ 

Հ․Գ․ 2. Լուսանկարը նրա համար է, որ ցույց տամ, թե երբեմն կամ հաճախ մեկնաբանողներն ինչքան հեռու են թեմայից»։

Leave a Comment