Ի՞նչ ստացավ Հայաստանը Վենսի այցից․ հույսերի ու իրականության մասին․ «Կարճ ասած»

 

Կա մի համաշխարհային արտահայտություն՝ «Լեռը երկնեց և մուկ ծնեց»․ դա օգտագործվում է այն ժամանակ, երբ ինչ-որ բանից մեծ հույս կա, բայց արդյունքը լինում է շատ փոքր։ Թերևս կարելի է դա օգտագործել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի արդյունքների կապակցությամբ։ Մեկ ամիս շարունակ՝ մեծ աղմուկ-աղաղակ, ահռելի սպասումներ․․․ Իսկ հիմա՝ արդյունքի մասին։

Թերևս միակ գովելին այն էր, որ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահ է այցելում Հայաստան։ Մեր խնդիրները, մարտահրավերները հաշվի առնելով, մեկ տառանոց հարց տամ՝ և՞։ Այո, շատ ջերմ պաշտոնական ընդունելություն, ընտանիքով էր, կինը հղի էր 4-րդ, էլի հարցնեմ․ Հայաստանին ի՞նչ օգուտ մնաց այդ այցից։ Եկեք հասկանանք։ Մինչ Վենսի գալը, հարյուրավոր նամակներ գրվեցին, ու հստակ էր, որ նրա այցից ակնկալիքն այն է, որ Բաքվին հորդորի բաց թողնել հայ գերիներին, իսկ Հայաստանի իշխանության առաջ բարձրացնի մարդու իրավունքների վիճակը, քաղբանտարկյալների, եկեղեցու վրա իշխանության գրոհի հարցերը, Հայաստանից տարածքների օկուպացիան։ Ըստ էության՝ այդ հարցերը չեն էլ քննարկվել։

Վենսի այցը Հայաստան, շատերի կարծիքով հենց նախընտրական-քարոզչական բնույթ էր կրում, Հայաստանի համար շահեկան բան չկար ու պլանավորված էլ չէր, մեկ այլ հնարք արվեց՝ ստեղծվեց իբր միլիարդավոր դոլարների ներդրման սուտ։ Մի պահ ընդամենը ցնծություն անցավ իշխանության թևից․ այսպես, Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Դրա մասին խոսելիս թարգմանիչը, երևի դիտմամբ շփոթեց ու աղավաղեց ԱՄՆ փոխնախագահի խոսքը՝ իրականությունը փոխելով ցանկալիի։

Թարգմանիչը հայտնեց, թե ԱՄՆ-ն նախ՝ 5, ապա 4 մլրդ դոլարի ներդրում կանի Հայաստանում։ Իրականությունը, ինչպես արդեն գիտենք, այլ է։ Վենսն ասում է՝ ամբողջությամբ պատրաստ լինելու դեպքում դա ճանապարհ է հարթելու ամերիկյան և հայկական ընկերությունների միջև քաղաքացիական միջուկային նախագծերի շրջանակում գործարքներ կնքելու համար։ Ի՞նչ է սա նշանակում․ «Մինչև 5 մրդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 մրդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։

Թարգմնանիչը արտահանում բառի փոխարեն ասում է ներդրում։ Ընդամենը մեկ բառի փոփոխություն, և ամեն ինչ խառնվում է։ Մինչ Հայաստանում մեկ օր շարունակ քննարկում են, կառավարությունը չի պարզաբանում․ որովհետև իրեն ձեռք է տալիս, որ մարդիկ մտածեն, թե ԱՄՆ-ն Նիկոլի կառավարության շնորհիվ, Հայաստանում երբևէ չլսված չափի ներդրում է անում։ Ընդամենը իրենց լրատվականներից մեկին մի փոքր պարզաբանում են տալիս, թե՝ թարգմանչին ամերիկյան կողմն է բերել։ Ու չի պարզաբանում, թե իրականում ինչի մասին է խոսքը։

Իսկ եղելիությունը լրիվ հակառակն է․ իրականում, պարզվում է, Հայաստա՛նն է ներդրում անելու ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ն Հայաստանի հետ համագործակցելու է մոդուլային ատոմակայաններ կառուցելու տեխնոլոգիաները այստեղ բերելու, և որի համար Հայաստանը պետք է վճարի նախ 5 մլրդ դոլար, ապա՝ 4 մլրդ դոլար։ 5 մլրդ դոլար մենք նախ պետք է վճարենք՝ այդ տեղխնոլոգիաները ԱՄՆ-ից Հայաստան բերելու և ներդնելու համար, հաջորդ 4 մլրդը՝ սպասարկման համար։ Մենք վճարենք, որ ատոմային էներգիայի ոլորտում տեխնոլոգիա ներդնենք, էլի ասեմ, մեր հաշվին։

Էլի հարց է առաջանում․ Հայաստանը չունի այդքան գումար, 9 մլրդ դոլար վստահաբար չունի, սրանք թոշակն անգամ վարկով են տալիս, բա ի՞նչ փողերով ենք վճարելու։ Էլի արտաքին պարտքի։ Ընդամենը երեկ ասում էի, որ եթե սրանք մնան իշխանության, Հայասատանի 14 մլրդ դոլար պետական պարտքը դարձնելու են 30 մլրդ։

Ընդ որում, Ամերիկան մոդուլային ատոմակայաններ ստանալու հաջողված փորձ դեռ չունի։ Միայն Ռուսաստանը ունի նման փորձ, ասում են՝ նաև Չինաստանը։ Այս իշխանությունն ասում է՝ եթե մենք համագործակցենք ռուսների հետ, մեր ինքիշխանությունը կորցնելու ենք, պետք է համագործակցենք ԱՄՆ-ի հետ, որ պահենք։ ԱՄՆ-ն էլ ասում է՝ եկեք վճարեք 9 մլրդ դոլար և Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը կարող ենք թուլացնել։ Ամերիկյան վերլուծաբանն ասում է, որ Վենսը ընդամենը եկել էր, որ խրախուսի Հայաստանի իշխանության բռնած հակառուսական ուղին։

Ըստ էության ԱՄՆ փոխնախագահը եկավ Հայաստան ու շատ թանկ գնով վաճառեց իր չփորձված ապրանքը՝ ոչ մի բանից գլուխ չհանող գնորդին։

ԱՄՆ-ն նաև Հայաստանին վաճառում է 11 մլն դոլարի հետախուզական անօդաչուներ։ Թուրքիային կործանիչներ է վաճառում, Ադրբեջանին էլի զենքեր է վաճառում, մեզ՝ հետախուզական անօդաչուներ, ու հետաքրքիր է՝ ինչ է հետախուզելու, որ թիրախները, հո պատահաբար Իրանում չեն դրանք կամ Իրանի սահմանին։

Ի միջի այլոց, հլը Վենսը չէր հասել Ադրբեջան, բայց Ալիևն արդեն հայտարարեց որ իր երկիրը չի դառնա գերտերությունների հակամարտության թատերաբեմ։ Իսկ Հայաստանից լսեցի՞ք նման բան․ ոչ, սրանք երկիրը առաջարկում են․ ով ուզում է՝ թող գա իր շահերն առաջ տանի, մի նկարն ինչ է, որ հետները չնկարվի։

Իրականում ԱՄՆ-ն կարող էր մի քանի ռեալ ֆինանսական աջակցություն բերել, թեկուզ որպես քարոզչական նվեր Փաշինյանին, բայց չբերեց․ ինչո՞ւ։ Ամերիկացի վերլուծաբաններն էլ են նշում, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար առանցքային գործընկեր է, ինչը կերևա Ադրբեջան այցի արդյունքներով։

ԱՄՆ փոխնախագահի այցի ռեալ էֆեկտը, իհարկե, կերևա ավելի ուշ։ Բայց ուզում եմ հիշեցնել մի բան, որը երևի չեք էլ մոռացել․ ԵՄ-ն 2021թ․ ընտրություններից առաջ խոստացավ Հայաստանում 2,6 մլրդ եվրոյի ներդրում, հետո պարզվեց՝ դրանից ավելի քան 2,2 մլրդը պարտք է, մի 3-4 հարյուր միլիոնը՝ աջակցություն, որն այդպես էլ, ի դեպ, չեկավ։

Կարճ ասած՝ մեր երկիրը ժողովուրդ ջան, քամում են սաղ ռեսուրսները, ապագայի բեռը սարքում են հսկայական։ Ոչինչ էլ չէր լինելու, հյուրախաղ, նկարներ․ ուրախացան, մեծ մեծ բաներ խոսեցին, բայց իրականություը դրանից չփոխվեց։ Նիկոլի երջանիկ դեմքը օգտագործում են, օգտագործում են ու օգտագործում։

 

Սևակ Հակոբյան

Leave a Comment