10 փետրվարի 2026 – 18:41 AMT
PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է թուրքական կողմի՝ Ալիջան սահմանային անցակետում արձանագրված ակտիվությանը՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է «Մարգարա» անցակետի լիարժեք գործարկման։
«Թուրքական կողմի ակտիվության մասին մենք տեղեկացված ենք այնքանով, որքանով դուք, այսինքն հանրային ինչքան տեղեկատվություն կա, այդքանով ենք տեղեկացված։ Ըստ էության կա ակտիվություն, աշխատանքներ այդ ուղղությամբ, և երբ մեր արտաքին քաղաքականություն վարող գործընկերները մեզ ազդակներ կտան, նման հանձնարարական կունենանք, մենք մեր մասով պատրաստ ենք սահմանային այդ ծառայությունն ամբողջովին մատուցելու»,-ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Հակոբյանը նշել է, որ կոմիտեն պարբերաբար այցելում է Մարգարայի անցակետ՝ վերահսկելու ենթակառուցվածքային պատրաստվածությունը։ Նրա խոսքով՝ անցակետի վերազինման աշխատանքները դեռ նախորդ տարում են ավարտվել, և ձևավորվել է մասնագիտական անձնակազմ, որը պատրաստ է ծառայություն իրականացնելու՝ քաղաքական որոշման ընդունման պարագայում։
«Ապագայի տեսանկյունից շատ կարևոր կլինի ժամանակի ընթացքում հասկանալ, թե այդ անցակետով ինչ հոսքերի, սպասարկման մասին է խոսքը, և դրա շրջանակում կմտածենք` հարկ կա՞ մեծացնելու, վերազինելու այն, թե ոչ»,-հավելել է նա:
Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն դեռևս 1991 թվականից, իսկ պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։ Սակայն վերջին տարիներին ակտիվացել է հարաբերությունների կարգավորման գործընթացը։
2021-ի դեկտեմբերից կողմերը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել, իսկ 2022-ի մարտին Անթալիայում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են գործընթացի շարունակման պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների։
2024-ի սեպտեմբերին Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել է կարգավորման գործընթացի արագացման և նոր թափ հաղորդելու պատրաստակամությունը։ Մեկ տարի անց՝ «Մարգարա» անցակետում տեղի է ունեցել Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են սահմանը հատելու կազմակերպման և նախորդ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցեր։