ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ իր ռուսաստանյան այցից լավ արձագանքներ է ստացել։
«ՌԴ-ում ոչ մեկի հետ չեմ շփվել՝ արձագանքների մասով, շփվել եմ պաշտոնատար անձանց հետ։ Արձագանքը եղել է մեր ժողովրդից, սփյուռքում բնակվող մարդկանցից շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալություն եմ հայտնում, բոլորը կարդացել եմ, ես ձեզ նույնպես սիրում եմ և հպարտանում եմ ձեզնով»,-նշեց նա։
Պատասխանելով հարցերին՝ արդյոք ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպումը լարված է անցել և արդյոք նրա հետ փակ քննարկման ժամանակ ստացել է իր հարցերի պատասխանները՝ ԱԺ նախագահը պատասխանեց.
«Անուն առ անուն խոսել ենք. ինչ որ այստեղ ձեզ եմ ասել, ասել եմ նաև այնտեղ։ Ինչ-որ մարդիկ, ովքեր ո՛չ հայերեն են կարողանում գրել ու խոսել, ո՛չ էլ՝ ռուսերեն, ինչ-որ ակնկալիքների մասին էին խոսում։
Իրենք երևի ենթադրում էին, որ էնտեղ պետք է հարձակվեի ու ինչ-որ մեկին հարվածեի՞, ոչ նորմատիվ լեքսիկո՞ն օգտագործեի։ Ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք՝ իրենցը։ Մեր հանդիպման իմաստը դա էր։ Մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, սկսած՝ ՀՀ-ում տարբեր ներդրումներից, ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրեր անցկացնելուց»։