ՔՊ–ն մերժել է քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

ՔՊ–ն մերժել է քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

10 փետրվարի 2026 – 12:36 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության է դրվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը՝ «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին»։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեծամասնությամբ՝ 52 դեմ և 21 կողմ ձայներով, նախագիծը չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում։

Ավելի վաղ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն բացասական եզրակացություն էր տվել նախաձեռնությանը՝ կրկին ՔՊ-ի անդամների քվեարկությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշել է, որ Հայաստանում առկա են քաղբանտարկյալներ, որոնք, ըստ նրա, համապատասխանում են ԵԽԽՎ-ի 2012 թ. 1900-րդ բանաձևում ներկայացված չափանիշներին։

Մինչ քվեարկությունը Վարդանյանը նշել է, որ Հայաստանում նկատելիորեն սրվել են քաղաքական ճնշումները։

«Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների, հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը` մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի»,– ընդգծել է պատգամավորը։

Նա նաև հիշեցրել է, որ ճնշումների և հետապնդումների են ենթարկվում հասարակական ու քաղաքական գործիչներ, հոգևորականներ, ինչպես նաև զոհվածների հարազատներ, որոնք հետապնդվում են իրենց հայացքների և դիրքորոշման համար։

Ի պատասխան՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն նշել է, որ ընդդիմությունը պետք է նման հարցերը ներկայացներ ոչ թե հայտարարության նախագծի տեսքով, այլ կազմակերպեր խորհրդարանական լսումներ։

«Հակառակ դեպքում դուք գեներացնում եք արհեստական տրաֆիկ, արհեստական քննարկումներ ԱԺ–ում։ Տիկին Վարդանյան, դուք իրո՞ք կարծում եք, որ այս տիպի հայտարարությունը պետք է ընդունվեր ԱԺ կողմից։ Նման հայտարարություն ընդունելուց հետո պետք է առնվազն պաշտոնանկ արվի գլխավոր դատախազը, դատավորներ, ամբողջ պետաիրավական համակարգում պետք է գործընթացներ սկսվեին»,– վստահեցրել է Վարդանյանը։

Նա նաև կոչ է արել ընդդիմությանը չհավասարեցնել Հայաստանը ավտորիտար ռեժիմների հետ՝ ընդգծելով, որ Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։

Leave a Comment