ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, տեղեկանում ենք դատախազությունից։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Սաղաթելյանին առնչվող հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց:
Դատարանից պահանջել են բռնագանձել նաև 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 264 մլն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 մլն 914 հազար դրամ, որը, ըստ դատախազության, «չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»։
