10 փետրվարի 2026 – 12:10 AMT
PanARMENIAN.Net – Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 թ․ մրցույթում և կներկայացնի Հայաստանը «Միսս աշխարհ 2026» միջազգային մրցույթում: Այդ մասին հայտնել են մրցույթի կազմակերպիչները։
Մոնիկան ծնվել և մեծացել է Պրահայում։ Նա պրոֆեսիոնալ մարզիկ է՝ Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն և Չեխիայի ազգային հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի մասնակից։ Սպորտին զուգահեռ՝ Մոնիկան նաև ատամնաբույժ է․ ավարտել է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը՝ Պրահայի Կառլի համալսարանը»,–հայտնում են մրցույթի կազմակերպիչները։
2020 թվականի պատերազմի ավարտից հետո Մոնիկան Չեխիայում մասնակցել է հաշմանդամություն ստացած հայ զինվորների պրոթեզավորման աշխատանքներին:
Բացի այդ, Մոնիկան ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ՝ նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։