Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ եվրոպական պետությունները մինչ այժմ չեն արձագանքել Մոսկվայի առաջարկին՝ ստորագրելու փաստաթուղթ, որը կերաշխավորի Եվրոպայի նկատմամբ չհարձակման պարտավորությունը։ Այս մասին նա ասել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
Գրուշկոյի խոսքով՝ Եվրամիության դիրքորոշման մեջ նման դրույթ առհասարակ չկա, մինչդեռ Բրյուսելը շարունակաբար փորձում է ներգրավվել բանակցային գործընթացում։ Նա նշել է, որ ԵՄ-ի այս մոտեցումը փաստացի բացառում է միության մասնակցությունը խաղաղ կարգավորման քննարկումներին։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը համերաշխություն է հայտնում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, սակայն նույն պայմանը չի ձևակերպում Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ առանց Մոսկվայի անվտանգության երաշխիքների որևէ խաղաղության պայմանագիր հնարավոր չէ։