Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանքներ չկան: «Известия»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մենք հայկական կողմին փոխանցել ենք մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել նախագծի իրականացմանը՝ իհարկե հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Հուսալի, արդեն փորձարկված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պայմանների գրավչության տեսանկյունից՝ ներառյալ շինարարությունը, հետագա շահագործումը և մասնագետների պատրաստման ու վերապատրաստման անհրաժեշտությունը, իրական այլընտրանքներ չեն երևում», — ընդգծել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։
«Մեր կողմից պատրաստ ենք պատասխանատվությամբ շարունակել կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի մեր դերը և նպաստել Հանրապետության ատոմային ոլորտի զարգացմանը։ Որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ այնպիսի հսկաների, ինչպիսին Գերմանիան է, փորձը ցույց է տալիս, որ ատոմային էներգետիկայից հրաժարվելը կարող է թանկ արժենալ ազգային տնտեսությանը», — հավելել է նա։
Գալուզինը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության հարուստ փորձ ունեն։
«Մեր ատոմագետները նույն՝ խորհրդային դպրոցի սաներն են և լավ են հասկանում միմյանց։ Ներկայումս մեր մասնագետները իրականացնում են համալիր աշխատանքներ, որպեսզի կայանը կարողանա կայուն և արդյունավետ գործել մինչև 2036 թվականը։ Վստահ ենք, որ Երևանի ակտիվ աջակցությամբ բոլոր միջոցառումները կավարտվեն ժամանակին», — ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։